Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը, դեսպանին, իր թիմին, որոնց հետ Արդարադատության նախարարությունը սերտորեն աշխատում է՝ համատեղ ծրագրերի եւ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման եւ առավելագույն արդյունք արձանագրելու համար եւ ներկայացրել ՀՀ կառավարության գործողությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին եւ արդարադատության ինստիտուտների նկատմամբ

հանրության վստահության բարձրացմանը:

Վասիլիս Մարագոսը կարեւորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայում ԵՄ աջակցությամբ մշակման փուլում գտնվող իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը եւ դրանից բխող միջոցառումների ցանկը՝ 2017-2020 թվականների համար:

Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարեւորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: