Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին Չինաստանում «Տուանյուան» բջջային հավելվածի շնորհիվ գտել են 260 անհետ կորած երեխաների, հայտնում է «Սինհուան»։

«Տուանյուան»-ը հարթակ է, որտեղ ոստիկանությունը հրապարակում է անհետ կորած երեխաների մասին տեղեկություններ։ Բջջային հավելվածը թույլ է տալիս երկրի տարբեր շրջանների իրավապահ մարմիններին տեղեկություններ փոխանակել իրար հետ։ Անհետ կորած երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկություններ կարող են հայտնել նաեւ քաղաքացիները։

Հավելվածը գործարկվել է այս տարվա մայիսի 15-ից։ Այնտեղ հրապարակվել էր 286 անհետ կորած երեխաների մասին տվյալներ, 260-ին գտել են։ Նրանցից 18-ին առեւանգել էին ու վաճառել, 27-ը մոլորվել էին։ Գտել են նաեւ տնից փախած 152 երեխաների, պարզել՝ եւս 52 երեխաների ճակատագիր, որոնք խեղդվել էին կամ մահացել այլ պատճառներով։