«1000 դրամների» նախագծի վերաբերյալ առաջացած բողոքի ալիքն արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել նախագծի մեջ եւ այն դեռ կփոփոխվի: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Ի սկզբանե առաջարկվել էր մոդել, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից, որն աշխարհում գոյություն ունեցող հիմնադրամի համար լավ լուծում է: Դա հիմնադրամի հասարակական կառավարումն է` երեք հոգի հասարակական կառավարիչ, երկուսը քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ եւ երկու հոգի ԿԲ-ից` որպես մասնագետ: Պաշտպանության նախարարությունը մասնակցություն չի ունենալու հիմնադրամի կառավարման մեջ»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, որ Հայաստանի համար ամոթ է, երբ զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին օգնելու համար այսպիսի դրամահավաք է կազմակերպվում. «Ամսական ժողովրդից այդ գումարը հավաքելը ցույց է տալիս երկրի սնանկ լինելը եւ իր պարտավոր ֆունկցիան ուրիշի վրա դնելը: Երբ երկիրն իր ֆունկցիան չի կարող կատարել` ամոթ է: Ներկայացրել եմ 10 տարբերակ այդ խնդիրը լուծելու, որոնցով հնարավոր է այդ միջոցները ստվերից բերել բյուջե` խոսքը մեկ միլիարդ դոլարի մասին է: Թիվ եմ հրապարակում՝ հարյուր միլիոն դրամ ամեն տարի արտաբյուջետային միջոցներ ունենք` ոչ ոք չգիտի` ուր է գնում»:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ օրինակ բերեց «Մարտիկ» հիմնադրամը եւ նշեց ստեղծվող հիմնադրամի կոռուպցիոն ռիսկերի մասին: «Նույնիսկ ամենախեղճ ընտանիքը չի զլանա 1000 դրամ տալուց, բայց վստահություն չկա հասարակության մեջ: Ես էլ մտավախություն ունեմ` բյուջեն դատարկ է, այս հիմնադրամը կսկսի աշխատել եւ այդ գումարների ծախսման ուղղությունը մեկ էլ տեսար օրենքի նախագծով կփոխեն եւ այլ բանի վրա կծախսեն: Սա մեր կառավարությունից հեռու չէ: Մեզ համար լավ օրինակ է «Մարտիկ» հիմնադրամը, տեսանք, թե ինչ է լինում զինվորներին ուղղված գումարների հետ»,-ասաց նա: