Հայաստանում առաջին հերթին պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն կոռուպցիան վերացնելու համար, այլ ոչ թե խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով զոհված եւ հաշմանդամ զինծառայողների համար 1000-ական դրամ վճարելու օրինագծին:
«Վերջին 10 տարվա ընթացքում լսում եմ, որ կոռուպցիոն ռիսկերը փորձում են վերացնել, բայց չի վերացվում: Կոռուպցիան պետք է վերացնել` բացահայտելով, բռնել պատժելով: Այն կարեւորագույն օղակները, որոնք կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն, անիմաստ են: Կարծում եմ, որ կամավորական սկզբունքով պետք է այս նախագիծն իրականացվի: Բոլորս խոսում ենք վստահության պակասի մասին, բայց այս խնդրով կարեւորագույն մի բան է պարզվում` իշխանությունն էլ չի վստահում հասարակությանը: Դրա համար էլ դրվել է պարտադիրը: Գործողություններով է վերականգնվում վստահությունը` ոչ թե «շան տղա լինեմ, հորս արեւ» երդումներով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, 102 կողմ, 3 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը, որը հայտնի է «1000 դրամի նախագիծ» անունով:



























