Կարելի է ենթադրել, որ ռազմական բյուջեն 60 տոկոսով ավելացնելու մասին Ադրբեջանի հայտարարությունը կապակցված է Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրի ձեռք բերումով։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ։

Ի պատասխան՝ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեի սկզբնական նախագծում որեւէ ավելացում նախատեսված չէր՝ Խաղաղության ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) ու մյուս բաց աղբյուրների տվյաներով՝ 2017-ի համար ծրագրվում էր հատկացնել այդ նույն 1․7 մլրդ-ը։

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատել է, որ ծախսերը ավելացնելու մասին որոշումը վերջերս է հայտարարվել։ «Իհարկե այս հայտարարությունը դեռ ճշտել է պետք։ Բայց հայտնում են, որ Ադրբեջանը մտադիր է հակահրթիռային համալիրներ ձեռք բերել Իսրայելից։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ մենք էլ պետք է հոգ տանենք մեր հակահրթիռային պաշտպանության մասին»,- ասել է Փաշինյանը։

Ի պատասխան՝ Նահապետյանը նշել է երկրի պաշտպանունակության բարձրացման կարեւորությունը ՝թե հակահրթիռային պաշտպանության, թե մյուս ուղղություններով։