Երեւանում Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը եղել է շատ կառուցողական։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երեւանում ասել է ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը։

«Մենք քննարկել ենք Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման շուրջ ստեղծված իրավիճակը։ Հիմա ժամանակն է գործել։ Որպեսզի քաղաքացիները նույնպես արդյունքները տեսնեն»,– ասել է Հանը։

Նրա խոսքով՝ Ռիգայի գագաթնաժողովում որոշում է կայացվել խմբավորել ուղղությունները։ Դրանցից մեկը վերաբերում է ՓՄՁ աջակցությանը, քանի որ ԵՄ–ում համարում են, որ տնտեսության զարգացումը առաջնային նշանակություն ունի բնակչության բարեկեցության զարգացման համար։ Այդ համատեքստում Հանը նշեց, որ եկող տարի պլանավորվում է օգնել ավելի քան 10 հազար ձեռնարկությունների։

ԵՄ ներկայացուցիչը նաեւ նշեց, որ անհրաժեշտ է բարելավել պետական կառավարումն ու արդարադատության արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ ներդրումներ կլինեն, եթե լինի դատական համակարգի թափանցիկության վստահություն։

ԵՄ հանձնակատարը կարեւոր նշանակություն է հատկացրել տրանսպորտային եւ էներգետիկ կապերին։ Նրա խոսքով՝ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել տրանսեվրոպական կապի ընդլյանման շուրջ։ «Հիմա պետք է ճանապարհներ կառուցել։ Դեռեւս ամեն բան թղթի վրա է, պետք է իրականացնել։ Եթե ամեն բան հաջողվի, դա կթեթեւացնի երիտասարդության տեղաշարժունակությունը, ելքը դեպի աշխատաշուկա»,– նշեց նա՝ հավելելով, որ դա փոխադարձ գործընթաց պետք է լինի, ոչ միայն ուղեղների արտահոսք, այլ նաեւ մասնագետների վերադարձ։ «Ապագայում մենք կհրապարակենք 2020-ի համար սպասվող 20 արդյունքենրը»,– նշել է Հանը։

Անդրադառնալով վիզային ռեժիմի պարզեցման մասին հարցին՝ ԵՄ հանձնակատարը նշեց. «Հույս ունենք, որ դա արագ կլինի։ Շատ երկրներ դրական կարծիք են հայտնել, սակայն մեզ պետք է 28 երկրների համաձայնությունը, եւ մենք դեռ չենք ավարտել նախապատրաստական աշխատանքները»,– պարզաբանել է նա։