Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Հետազոտություն, գիտություն եւ նորարարություն» խորագրի ներքո Երեւանում անցկացվող Արեւելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը։
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ կրթության, գիտության ոլորտները մշտապես հատուկ նշանակություն են ունեցել հայ ժողովրդի համար, եւ այսօր էլ մեր պետությունն իր զարգացման ճանապարհին շարունակում է ապավինել գիտելիքին, փորձում առավելագույնս ներգրավվել կրթության եւ գիտության ոլորտների զարգացմանն ուղղված այնպիսի ծրագրերում, ինչպիսին Արեւելյան գործընկերության այս ձեւաչափն է: ՀՀ Նախագահը կարեւորել է արդեն երկրորդ անգամ այդ ոլորտներին նվիրված Երեւանում անցկացվող հանդիպումը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ ակտիվորեն եւ գործընկերային մթնոլորտում շարունակվում են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները: ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման առումով Նախագահը կարեւոր ձեռքբերում է համարել այս տարի Հայաստանի՝ «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված անդամ դառնալը: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են հիշյալ ծրագիրը, որը կոչված է համախմբելու մարդկության ջանքերը եւ խթանելու ինտեգրացիոն գործընթացները Եվրոպական հետազոտական տարածքում:
ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդասը գոհունակությամբ է նշել, որ երեւանյան այսօրվա նախարարական երկխոսությամբ հիմքեր դրվեցին ապագայի համար: Նա ընդգծել է, թե տպավորված է այն հետազոտողներով, ում հետ այսօր հանդիպումներ է ունեցել եւ վստահ է, որ «Հորիզոն 2020» ծրագիրը նոր հնարավորություններ կբացի նաեւ Հայաստանի բուհերի համար, կօժանդակի գիտելիքը տեսական դաշտից կիրառելի դաշտ տեղափոխելու գործում, կնպաստի նաեւ փոքր եւ միջին նորարարական ձեռնարկությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-պորտուգալական երկկողմ հարաբերություններին: Պորտուգալացի քաղաքական գործիչ Կառլոս Մոեդասը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար եւ բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին, ով, նրա խոսքով, մեծ ներդրում է ունեցել Պորտուգալիայի գիտության, կրթության, մշակույթի զարգացման գործում:






























