Ֆիլիպինների նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսին հուղարկավորել են Մանիլայում ազգային հերոսների գերեզմանատանը զինվորական պատվով։

Ավելի վաղ Ֆիլիպինների Գերագույն դատարանը թույլատրել էր երկրի նախկին նախագահ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսին թաղել ազգային հերոսների գերեզմանատանը։

Համապատասխան կարգադրությունն ավելի վաղ տվել էր Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն: Դատական նիստի ժամանակ 9 դատավոր կողմ են քվեարկել, 5-ը՝ դեմ, եւս մեկը ձեռնպահ է մնացել: Դատարանը նաեւ մերժել է այդ կարգադրության դեմ բոլոր խնդրագրերը:

Նախկին նախագահի որդին՝ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը, դատարանին եւ երկրի նախագահին երախտագիտություն է հայտնել ընտանիքի անունից: Նախկին բռնապետի վերահուղարկավորման մասին որոշումը կայացվում էր 25 տարի:

Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինների նախագահն է եղել 1965-1986թթ.: 1986-ի հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ փախել էր Հավայան կղզիներ, որտեղ եւ 3 տարի անց մահացել էր: