Գերմանիայի հեռացող արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերին հնարավոր փոխարինող գտնելու անհրաժեշտությունը Գերմանիայի սոցիալ–դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելին ստիպում է կանցլերի պաշտոնի կուսակցության անունից թեկնածո ընտրելու հարցում նախատեսած ժամկետից շուտ կողմնորոշվել, հայտնում է Frankfurter Allgemeine թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Գաբրիելը Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնն առաջարկել էր զբաղեցնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին։ Սակայն Շուլցը, ըստ տեղեկությունների, առաջին հերթին ուզում է դառնալ Գերմանիայի կանցլեր։ Հինգշաբթի Սոցիալ–դեմոկրատների գրասենյակում այս տեղեկությունը հերքել էին։ Շուլցի մամուլի քարտուղարը նույնպես հերքել էր այս տեղեկությունը։ Իսկ Շուլցը նույն օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարցն անպատասխան էր թողել։

Թերթը նշում է, որ ի սկզբանե Շուլցի թեկնածությունը դիտարկվում էր որպես այլընտրանք, եթե Գաբրիելը նորից հրաժարվի առաջադրվել։ Սակայն վերջին ամիսներին կուսակցության շրջանակներում լուրեր են շրջում, որ Շուլցն ավելի մեծ ամբիցիաներ ունի, որոնք վեր են փոխարինող թեկնածուի կարգավիճակից։