«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան շարժումը, ինչպես նախկինում, այս տարի նույնպես դիմել է սփյուռքին կոչով` անվստահություն հայտնել «Հայաստան» հիմնադրամին եւ նվիրատվություն չկատարել:

Շարժման տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Քանի դեռ հիմնադրամը ղեկավարվում է ռեժիմի կողմից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր ղեկավարում են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, այս հիմնադրամը ենթակա է նույնպիսի կոռուպցիայի եւ թալանի, ինչպես ռեժիմի հսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետության ողջ ռեսուրսները:

Մենք համարում ենք, որ Հայրենիքին օգնելը դա սփյուռքում բնակվող բոլորիս սրբազան պարտականությունն է, եւ մենք նույնպես դա անում ենք մեծագույն սիրով: Սակայն Հայաստան հիմնադրամը դա մի մեծ խաբեություն է եւ պետք դադարել այն սնելուց: Սփյուռքին կոչ ենք անում անվստահություն հայտնել եւ զերծ մնալ այս կեղծ հիմնադրամին հանգանակություններ անելուց: Փոխարենը առաջարկում ենք հանգանակություններ կատարել վստահելի, ռեժիմի հետ ոչ մի կապ չունեցող հիմնադրամների եւ կազմակերպությունների միջոցով, իսկ լավագույն դեպքում օգնությունը ուղղակի ձեւով տրամադրելով հասցեատերերին, եթե դրա հնարավորությունը կա:

Հայաստանում բնակվող մեր սիրելի հայրենակիցները դեռեւս սփյուռքի ֆինանսական օժանդակության կարիքը շատ ունեն, քանի դեռ ռեժիմի վարած տնտեսական ձախողումների եւ թալանի պատճառով կարիքավոր ընտանիքների թիվը խոշոր չափերի է հասնում: Այս ընտանիքների շարքում հատկապես խոցելի վիճակում են հայտնվել արցախյան պատերազմում զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքները, ինչպես նաեւ քաղաքական եւ խղճի բանտարկյալների ընտանիքները (այդ թվում Սասնա Ծռեր խմբի եւ նրանց խաղաղ ցույցերով սատարած ձերբակալված անձանց ընտանիքները): Հայկական Վերածնունդ կազմակերպությունն իր համեստ մասնաբաժինն ունի այս կատեգորիայի կարիքավորներին օգնելու հարցում:

Սույն կոչով սփյուռքահայությանը կոչ է արվում կազմակերպության միջոցով օգնել արցախյան հերոսների եւ քաղբանտարկյալների ընտանիքներին: Հանգանակությունները կարող եք տրամադրել Հայկական Վերածնունդի կայքում՝ հետեւյալ էջում http://www.armenianrenaissance.org»: