Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, Միացյալ արաբական ցուցակի անդամ Ահմեդ Թիբին մուսուլմանական աղոթքի կոչ է արել նիստերի դահլիճում, գրում է The Independent–ը։

Այսպիսով, Թիբին իր բողոքն է արտահայտել այն օրենքի քննարկմանը, որն արգելում է հավատացյալներին նամազ կատարելու կոչ անելիս մզկիթներում ձայնն ուժեղացնող սարքեր գործածել։

Իսրայելի բնակչության մոտ 18 տոկոսը արաբ է, մեծ մասը ՝ մուսուլման, ու նրանք հրեական հասարակությանը մեղադրում են իրենց նկատմամբ խտրականության մեջ։ «Այս օրենքը արտացոլում է ֆաշիզմը, որն աճում է Իսրայելի հասարակության մեջ»,- ասել է Թիբին։

Երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կողմ է արտահայտվել փաստաթղթին։ Նրա խոսքով, շատ իսրայելցիներ, տարբեր կրոնների ներկայացուցիչներ, բողոքում են նամազի կոչի ժամանակ չափազանց մեծ աղմուկից։

«Իսրայելը ձգտում է ազատության բոլոր կրոնների  համար, բայց նաեւ  պատասխանատու է քաղաքացիներին աղմուկից պաշտպանելու համար»,- ասել է Նեթանյահուն։

Նման օրինագիծ 2011-ին ու 2014-ին էլ էր քննարկման դրվել, սակայն այդպես էլ չէր ընդունվել։ Այս անգամ օրինագծի հեղինակները հույս ունեն, որ կհաջողեն, քանի որ նրանց նախաձեռնությունն աջակցում է Քնեսեթի անդամների մեծամասնությունը։