Բրիտանական The Economist շաբաթաթերթը նոյեմբերի 19-ին թողարկվելու է մի շապիկով, որի վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, նաեւ Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենի ու Միացյալ Թագավարության Անկախության կուսակցության նախկին ղեկավար Նայջել Ֆարաջի ծաղրանկարն է լինելու։ Այդ ծաղրանկարը արդեն հրապարակվել է պարբերականի կայքում, ներկայացված է նաեւ համարում նախատեսված նյութերի ցանկը, հայտնում է Lenta-ն։
Ծաղրանկարում Պուտինը շվի է նվագում, Թրամփն ու Ֆարաջը՝ թմբուկ, իսկ նրանց հետեւից քայլում է Լե Պենը՝ Ֆրանսիայի դրոշը ձեռքին։
Համարի թեման է լինելու «Նոր ազգայնականությունը»։ Համանուն հոդվածում խոսվում է ազգայնական տրամադրությունների մասին, որոնք տարածվել են աշխարհով մեկ։ Օրինակ է բերվում ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան։ Նյութում մասնավորապես նշվում է, որ Թրամփի համար «դեռ ուշ չէ հրաժարվել իր մութ ծրագրերից»։
«Եվրոպայի ամենամեծ պոպուլիստական վտանգ» անվանումով մի առանձին հոդված էլ նվիրված է Ֆրանսիայում 2017-ին ծրագրված նախագահական ընտրություններին ու թեկնածուներին՝ այդ թվում Լե Պենին։ «Ֆրանսիան, որը հիմք է դրել եվրոպական ինտեգրմանը, չպետք է դառնա այն ոչնչացնողը»,- ասվում է նյութում։
Սեպտեմբերին Պուտինն ու Թրամփը դարձել էին ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի ծաղրանկարների հերոսները։ Պարբերականի հոդվածը նվիրված էր ընտրություններին հանրապետականի հաղթանակի հեռանկարին։




























