Ֆրանսիայում աջերի եւ կենտրոնամետների փրայմերիզի առաջին փուլը սենսացիայով է ավարտվել. զգալի տարբերությամբ հաղթանակել է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը ռուսամետ թեկնածու է համարվում: Երկրորդ փուլում նա հանդիպելու է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հետ, իսկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պարտվել է եւ դուրս եկել նախագահական մրցապայքարից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հաշվի առնելով իշխող Սոցիալիստակակն կուսակցության եւ նախագահ Ֆրանսուա Օլանդի ցածր վարկանիշը, խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ աջերի եւ կենտրոնամետների թեկնածուն, ամենայն հավանականությամբ, 2017 թվականին Ելիսեյան պալատի նոր տերը կդառնա:
Օգոստոսին աջ-կենտրոնամետներից նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքի պայքարի մեջ էին մտել 7 թեկնածուներ՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետեր Ալեն Ժյուպեն եւ Ֆրանսուա Ֆիյոնը, պատգամավոր Բրյունո Լը Մերը, Նատալի Կոստյուշկո-Մորիզեն, Ժան-Ֆրեդերիկ Պուասոնը եւ Ժան-Ֆրասնուա Կոպեն:
Նախընտրական արշավի սկզբում դիտորդների մեծ մասն առավելություն էին տալիս Ժյուպեին եւ Սարկոզիին, իսկ Ֆիյոնը Լը Մերի հետ հավասարապես բաժանում էր երրորդ-չորրորդ տեղերը:




























