Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կիրակի բոլոր վենեսուելացիներին խելագար է անվանել, բայց հայրենիքի եւ նրա պատմության հանդեպ սիրո պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մադուրոյի խոսքով՝ նախկինում The New York Times-ում հրապարակված հոդվածում իրեն խելագար են անվանել, քանի որ սալսա է պարում: «Թող ձեռք բարձրացնեն բոլոր նրանք, ովքեր սալսա են պարում, մենք մեզ խելագար ենք հայտարարում՝ հայրենիքի, Բոլիվարի եւ Չավեսի ժառանգության հանդեպ սիրո պատճառով, դրանցից մենք իրավամբ խելքներս թռցնում ենք»,- VTV-ի կիրակնօրյա՝ «Մադուրոյի հետ շփվելիս» հաղորդման ժամանակ հայտարարել է Վենեսուելայի նախագահը:
Մադուրոն հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սոցցանցերից մեկում մշտապես լուսանկարներ է հրապարակում, որտեղ նա պարելիս է պատկերված: «Գերազանց է, ես նրան հարգում եմ, բայց նա խելագար չէ, նա առաջնակարգ տղա է (եթե պարում է), այդ դեպքում ինչո՞ւ է Մադուրոն խելագար, եթե պարում է»,- հարց է տվել Վենեսուելայի նախագահը:
Այնուհետեւ Մադուրոն բեմ է հրավիրել կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին: Եվ նրանք ստուդիայում ներկա գտնվողների համընդհանուր աջակցությամբ սալսայի մի քանի պտույտ են կատարել:




























