Ռուանդայի կաթոլիկ եկեղեցին կիրակի ներողություն է խնդրել 1994 թվականի ցեղասպանության ժամանակ իր դերակատարման համար՝ հայտարարելով, որ ափսոսում է նրանց գործողությունների համար, ովքեր սպանություններին մասնակցել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

«Մենք ներողություն ենք խնդրում եկեղեցու գործած բոլոր սխալների համար… Մենք ափսոսում ենք, որ եկեղեցու անդամները խախտել են Աստծո պատվիրաններին հավատարմության երդումը»,- հայտարարվել է կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսում: Հայտարարության մեջ նշված է, որ եկեղեցու ծառայողները մասնակցել են նաեւ ցեղասպանության պլանավորմանն ու օգնություն ցուցաբերել:

1994 թվականին Ռուանդայում անհայտ անձինք խոցել էին քաղաքացիական օդանավը, որում գտնվում էին երկրի նախագահ Ժյուվենալ Խաբիրիմանը եւ հարեւան Բուրունդուի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան: Դրանից հետո խուտու ցեղի ներկայացուցիչները, որոնք Ռուանդայում էթնիկ մեծամասնություն են կազմում, հարձակման մեջ մեղադրել են թութսի ցեղին: Միջցեղային հակամարտությունը վերածվել է թութսիների ցեղասպանության եւ երկու ցեղերի զինված դիմակայության: Տարբեր տվյալներով՝ 100 օրվա ընթացքում սպանվել է 800 հազարից մինչեւ 1 միլիոն մարդ: