Վիետնամի իշխանությունները մինչեւ 2016-ի տարեվերջ համաներմամբ ազատ կարձակեն 4.2 հազար դատապարտյալների: Այս մասին հայտնում է VNA գործակալությունը:

Համաներման ենթակա անձանց ճշտված ցուցակները այս շաբաթ կներկայացվեն երկրի նախագահի հաստատմանը, գործակալությանը հայտնել են Վիետնամի հասարակական անվտանգության նախարարությունից, որի ենթակայությամբ է գործում քրեական պատիժների իրագործման դեպարտամենտը:

Համաներումը կտարածվի հիմնականում այն անձանց վրա, որոնք պատժի կեսը կրել են կամ ցմահ ազատազրկման դեպքում, երբ այն փոխարինվել է երկարաժամկետ ազատազրկմամբ, այն անձանց վրա, որոնք պատիժ են կրել 15 տարուց ոչ պակաս, ինչպես նաեւ անչափահասների եւ 70 տարեկանից մեծ անձանց վրա:

2015 թվականին Վիետնամում համաներմամբ ազատ է արձակվել 18 հազար դատապարտյալ:  Նման մեծ թվի պատճառով 2016 թվականին ավելի փոքր թվով դատապարտյալներ կազատվեն:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Վիետնամի բանտերում ընդհանուր առմամբ ավելի քան 136 հազար դատապարտյալ կա: Բանտարկյալների թվով Վիետնամը աշխարհի երկրների ցանկի միջակայքում է, այն գլխավորում է ԱՄՆ-ը: