«Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկրաձգման առիթով Եվրոպայի անվճռականությունն այն փաստի համադրությամբ, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահը մտածում է Կրեմլի հետ հարաբերությունների ջերմացման մասին ընդհանուր առմամբ պետք է նշանակի Ուկրաինա ռուսական ներխուժման համար պատժի ավարտ՝ այդպես չէ՞: Ո՛չ, այդպես չէ, ասում են Եվրամիության ինսայդերները»,- այս մասին հայտնում է Bloomberg-ը:

«Ռուսաստանի դեմ ապագա պատժամիջոցների բլոկը կախված է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից: Մինչդեռ Դոնալդ Թրամփը կարգավորում է հարաբերությունները իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ եւ կազմավորում է ամերիկյան արտաքին քաղաքականության նոր թիմ»,- նշել է հոդվածի հեղինակ Ջոնաթան Սթերնսը:

Պատժամիջոցների ժամկետը լրանում է հունվարի 31-ին, սակայն առավել հավանական է, որ ԵՄ կառավարությունները այդ միջոցառումները եւս վեց ամսով կերկարաձգեն, քանի որ դրանք չեղարկելու հիմնական պայմանները,- Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը միտված պայմանագրի լիակատար կատարում,- դեռեւս չեն կատարվում, իրենց անունները չհրապարակելու պայմանով Bloomberg-ին ասել են եվրոպացի 5 պաշտոնյաներ: «Վեցերորդ պաշտոնյան այնքան հեռուն գնաց, որ նույնիսկ որեւէ այլ սցենար բացառեց»,- նշել է հոդվածի հեղինակը:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռուսական ապատեղեկատվության, օտարերկրյա քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու եւ ռազմական սպառնալիքների մասին եվրոպական մայրաքաղաքների տեղեկացվածությունը խթանեց եւ ապահովեց ոչ շատ ակտիվ եվրոպական կառավարությունների աջակցությունը: Դրան ծառայեց նաեւ Սիրիայի պատերազմում նախագահ Բաշար Ասադի կողմում Ռուսաստանի առավել հիմնավոր միջամտությունը, հայտարարել է պաշտոնյան:

Եվրոպացի պաշտոնյաները վստահ չեն՝ դեկտեմբերի 15-16-ը ԵՄ առաջնորդների հաջորդ հանդիպման օրակարգում կընդգրկվի՞ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման հարցը: Այդ կետը օրակարգի նախագծի մեջ է ներառվել անցած շաբաթ, սակայն ներկայիս քաղաքական կոնսենսուսը կարող է թույլ տալ այդ թեման նաեւ չմտցնել ամենաբարձր մակարդակով:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ ցանկացած դեպքում, մինչեւ հունվարի 20-ին Թրամփը չի ստանձնել իր պաշտոնը եւ երվրոպացի հիմնական քաղաքական գործիչները մնում են իրենց պաշտոններին, գագաթնաժողովն ավելի շուտ կցուցադրի պատժամիջոցներին եվրոպական աջակցությունը: