«Մեծ Բրիտանիան հրաժարվել է միջին հեռահարության հրթիռներ Էստոնիա ուղարկելու ծրագրերից, քանի որ մտավախություններ ունի, որ դրան կարձագանքի Կրեմլը»,- գրում է The Sunday Times–ը։

«Guided Multiple Launch Rocket Systems (GMLRS) համակարգերը ուղարկելու մասին նորությունը հայտնվել էր լրահոսում անցած հանգստյան օրերին։ Այդ քայլը գնահատվել է որպես ՆԱՏՕ-ի կոշտ պատասխան ՝ Կալինինգրադի շրջանում փոքր հեռահարության «Իսկանդեր» բալիստիկ հրթիռների տեղակայման մասին Մոսկվայի որոշմանը»,- գրում են հեղինակները։

«Սակայն այս մասին անցած շաբաթ համացանցում հրապարակված՝ բրիտանական բանակի պաշտոնական մամուլի հաղորդագրությունը հրապարակումից հանվել էր ու այնպես վերաշարադրվել, որ ջնջվեն հրթիռների մասին բոլոր հիշատակումները»,- ասվում է հոդվածում։

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հանգստյան օրերին հայտնել էր, որ հրթիռների տեղակայումը դադարեցված է ու որ այդ հարցը «դեռ չի հաստատվել»։ Նախարարությունում պարբերականի աղբյուրները նշել են, որ այդ հարցում դերկատարում է ունեցել «քաղաքականությունը»։

Պարբերականը հիշեցնում է, որ «Մեծ Բրիտանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտի շրջանակում Էստոնիա ուղարկել 800 զինծառայողների ՝ դաշինքի արեւելյան անդամներին   պաշտպանելու նպատակով։ ՆԱՏՕ- ի ղեկավարությունը վաղուց է վախենում, որ Ռուսաստանը կարող է սրընթաց ներխուժել Էստոնիա,  երբ դաշինքը դեռ պատրաստ չի լինի արձագանքել»։

GMLRS -ի տեղակայման ծրագրերը փակելու որոշման վրա կարող էր ազդել հաճախացած օդային բախումների (բրիտանական ու ռուսական ռազմական օդանավերի) առթիվ մտահոգությունը ու Ռուսաստանի արձագանքը ցամաքային հրթիռների ցանկացած տեղակայմանը, նշում են լրագրողները։ Այդ անորոշության մեջ իր ավանդն  ունեցավ նաեւ ՆԱՏՕ-ի հանդեպ Դոնալդ Թրամփի ու նրա թիմի ենթադրյալ ամբիվալենտային վերաբերմունքը։

«ՊՆ-ում աղբյուրների տեղեկություններով, GMLRS-ի մասին հիշատակումները ջնջվել են ոչ «երրորդ կողմի ճնշման ներքո» ու հրթիռների տեղակայման մասին ամփոփող հայտարարություն կարվի համապատասխան պահի»,- ասվում է հոդվածում։

Որոշ փորձագետներ վախենում են, որ այդ դրվագը Ռուսաստանի կողմից կգնահատվի որպես Արեւմուտքի  թուլության վկայություն, հայտնում է The Sunday Times–ը։ «Դա որոշակի ազդանշան է անվճռականության կամ հնարավոր ոչ կոմպետենտության մասին»,- հայտնել է Բոսնիայում ՄԱԿ ուժերի նախկին հրամանատար, գնդապետ Բոբ Սթյուարդը։