ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Հաիթիում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
«Նա նշել է Հաիթիի հաստատությունների, ընտրական խորհրդի ու ազգային ոստիկանության պրոֆեսիոնալիզմն ու առաջատար դերը ընտրությունների ընթացքում ու դրանք նախապատրաստելու գործընթացում»,- ասված է Բան Կի Մունի անունից տարածված հայտարարության մեջ։
Բան Կի Մունը շեշտել է, որ ընտրական գործընթացը կարեւոր նշանակություն ունի Հաիթիում կառավարման ոլորտում ստեղծված ներկա վակուումի վերացման համար։ Նա կոչ է արել նախագահի թեկնածուներին այս պատասխանատու ժամանակաշրջանում պետական իմաստնություն դրսեւորել ու անել ամեն ինչ բռնությունների ու ահաբեկման բոլոր ձեւերը կանխելու համար։
Բան Կի Մունը վստահեցրել է հաիթիցիներին, որ ՄԱԿ-ը կաջակցի նրանց ժողովրդավարական ձգտումները։




























