Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկել են մայրաքաղաք Աստանան վերանվանել նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունով։
Պատգամավորները կարծում են, որ երկրի մայրաքաղաքի անվան մեջ պետք է հնչի առաջնորդի անունը։
«Առաջարկում ենք երկրի սահմանադրության մեջ ամրագրել պետականաշինության գործում առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի ակնառու ավանդը։ Ել բասիի (ազգի առաջնորդի) անունն արտահայտել մայրաքաղաքի եւ երկրի մյուս կարեւոր օբյեկտների անվանումների մեջ»,– ասված է Ղազախստանի անկախության 25-ամյակի հռչակագրում։ Տոնը նշվելու է դեկտեմբերի 16-ին։
Աստանան նաեւ 2013–ին էին առաջարկել վերանվանել Նուրսուլթան։ Իսկ 2009–ին Ադրբեջանի դեսպան Լյատիֆ Գանդիլովն առաջարկել էր Աստանան անվանել Սուլթան Աթու, փոխանցում է Tengrinews–ը։




























