Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Մանյալով աղջիկը» նկարը, որը նախկինում երբեք հարապարակավ չի ներկայացվել, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Sotheby's աճուրդի տունը երեքշաբթի երեկոյան Լատինական Ամերիկայի ժամանակակից արվեստի ստեղծագործությունների աճուրդ է անցկացրել: 1929 թվականի «Մանյակով աղջիկը» նկարը Կալոի առաջին աշխատանքներից է, որը նա նկարել է 22 տարեկանում: Նկարի նախնական գինը 1,5 մլն դոլար էր:
Պատանի անհայտ աղջկա դիմանկարը վերջին 60 տարիների ընթացքում գտնվում էր Քալիֆորնիայում՝ Կալոյի նախկին օգնականի տանը: Նկարը 1955 թվականին՝ Ֆրիդայի մահվանից մեկ տարի հետո, նրան է նվիրել Կալոյի այրին՝ նկարիչ Դիեգո Ռիվերան: Նկարի գոյության մասին մասնագետները տեղեկացել են Լոլա Ալվարես Բրավոյի սեւ-սպիտակ լուսանկարների շնորհիվ, որը Կալոյին եւ նրա աշխատանքները սկսել է լուսանկարել Կալոյի եւ Ռիվերայի ամուսնությունից կարճ ժամանակ առաջ:
Կալոյին է պատկանում երբեւէ աճուրդում վաճառահանված լատինաամերիկյան վարպետների աշխատանքների արժեքի բացարձակ ռեկորդը: Ընթացիկ տարվա մայիսին 1939 թվականի «Երկու մերկերն անտառում» նկարը Christie's-ի աճուրդում վաճառվել է 8 մլն դոլարով:




























