Ակնկալվում է, որ 2017-ի երկրորդ կեսին կստորագրվի պայմանագիր՝ ԵՏՄ բորսաներում բրոքերական ու դիլերական գործարքների ազատականացման մասին։ Այս մասին News.am–ի թղթակցին ասել է ԵՏՀ տնտեսության ու ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Թիմուր Սուլեյմանովը։

Համապատասխանաբար, ՀՀ ԿԲ արտոնագիր ունեցող հայ բրոքերը կկարողանա արժեթղթերով կոմիսիոն գործարքներ կնքել նաեւ Ռուսաստանի կամ Ղազախստանի ֆոնդային բորսայում։ Ընդ որում նա իրավունք կստանա սպասարկել հաճախորդների ոչ միայն Հայաստանից, այլ ցանկացած այլ երկրից՝ բացի այն երկրից, որտեղ գրանցված է բորսան (այսինքն հայ բրոքերը ռուսական բորսայում ռուսաստանյան ընկերություններին սպասարկել չի կարողանա)։

«Բայց հետագայում մենք ԵՏՄ երկրների ազգային բանկերին ուզում ենք առաջարկել նաեւ այս սահմանափակումը վերացնել։ Առայժմ փորձնական քայլ ենք անում»,- հայտնել է Սուլեյմանովը։

Իսկ համաձայնագիրը արդեն գրեթե պատրաստ է ու համաձայնեցում է անցնում մասնակից երկրներում։