Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմմոնդը հայտնել է, որ «բրեքսիթի» մասին հանրաքվեի հետեւանքով առաջիկա չորս տարիներին երկրի բյուջեն ծրագրվածից 122 մլրդ ֆունտ սթերլինգով քիչ գումար կստանա, հայտնում է BBC–ն։

Եթե այս տարի Բրիտանիան, ըստ կանխատեսումների, պետք է դառնա «Մեծ յոթյակի» ամենահաջողակ երկիրը տնտեսական աճի տեմպերով, ապա 2017-ին այդ աճը զգալիորեն դանդաղելու է ու ներկա ցուցանիշներին է վերադառնալու 2021-ից ոչ շուտ։

Առաջիկա տարիներին չի հաջողվի ազատվել նաեւ բյուջետային պակասուրդից՝ դեռ գարնանը, մինչեւ քվեարկությունը, պետական եկամուտները ու ծախսերը ծրագրվում էր հավասարակշռել արդեն 2020-ին, իսկ հիմա կառավարությունը հրաժարվել է այդ մտադրությունից ու ծրագրում է պակասուրդից ազատվել երբ «համապատասխան պայմաններ կստեղծվեն»։

Այս տարի բյուջեի ծախսերը կազմելու են երկրի ՀՆԱ-ի 40 տոկոսը։ 2010-ին, երբ Կոնսերվատիվ կուսակցությունը եկավ իշխանության, ծախսերը կազմում էին 45 տոկոսը։

Ֆինանսների նախարարի խոսքով չնայած նվազող եկամուտներին, կառավարությունը մտադիր է նույն մակարդակի վրա պահպանել պաշտպանական ծախսերը, միջազգային օգնությունն ու կենսաթոշակային վճարները՝ համենայն դեպս, մինչեւ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը։