Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի էկոլոգիան կլիմայի գլոբալ տաքացման ազդեցությամբ մեծ փոփոխություններ է կրել, որոնք առնչվում են տարածաշրջանի ամբողջ կենդանական աշխարհին՝  ծովացլերին, բեւեռային արջերին եւ կետերին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների տվյալներով՝  նոյեմբերին «մեծ լայնություններում ջերմաստիճանը նորմայից զգալիորեն բարձր է եղել, իսկ սառցի ծածկույթի մակերեսը տարեկան միջին մակարդակի համեմատությամբ կրճատվել է 28,5 տոկոսով»:
1979 թվականից ի վեր, երբ Արկտիկայում կանոնավոր դիտումներ են սկսվել, այժմ արկտիկական սառցածածկույթն ամենափոքր մակերեսն ունի: «Սառույցից ազատված ջրատարածքի մակերեսը հավասար է Թեքսասի եւ Ալյասկայի նահանգների մակերեսին»,- ընդգծված է The New York Times-ում՝ միաժամանակ նշելով, որ այդ ջրատարածքում ակտիվորեն բազմանում են ջրիմուռները: Սան Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի օվկիանոսագետները վերլուծել են վերջին տարիներին կատարված արբանյակային բոլոր լուսանկարները եւ համոզվել են, որ 1997-ից մինչեւ 2015 թվականների ժամանակահատվածում Արկտիկայում դրանց քանակը 47 տոկոսով աճել է, եւ ամեն տարի ջրիմուռների ակտիվ բազմացման սկիզբն ավելի շուտ է սկսվում:
Հետազոտությունների ընթացքում նաեւ պարզվել է, որ օվկիանոսի որոշ շրջաններում սառույցն այնքան է բարակել, որ դրանց միջով անցնող արեւի ճառագայթները բավական են ուղղակի սառույցի տակ ջրիմուռների աճ սկսվելու համար: Դա կարող է հանգեցնել թռչունների եւ կետերի միգրացիայի երթուղիների փոփոխության: