Ամերիկացի գիտնականները կարծում են, որ Սահարան անապատի է վերածվել կլիմայի աննշան ցրտելու պատճառով: Նրանք իրենց հետազոտությունը ներկայացրել են Science Advances պարբերականում: Մասնագետները կլիմայական մոդել են ստեղծել, որով ներկայացրել են, թե Հյուսիսային Աֆրիկայում կլիման ինչպես է փոխվում: Այս մասին հայտնում է Informing-ը:

Նախկինում այն տարածքը, որն այսօր ավազով է ծածկված, բուսածածկ է եղել: Եվս մոտ 5 հազար տարի առաջ այնտեղ մեծ թվով բնական ջրամբարներ են եղել, բույսեր են աճել եւ շատ կենդանիներ են բնակվել: Սակայն վերջին հազարամյակների ընթացքում Աֆրիկայի եւ Ամերիկայի միջեւ ընկած ծովային մակերեւույթը միջինը 0,15 աստիճանով սառել է:
Դա տեղի է ունեցել ծովային մակերեւույթի վրա փոշու մասնիկների քանակի ավելացման հետեւանքով, որոնք Աֆրիկայից քամին է բերում: Այդ փոշին տիեզերքում արտացոլում է արեգակի լույսի մի մասը: Ամերիկացի հետազոտողները փոշու մասնիկներ են հայտնաբերել Հյուսիսային Ամերիկայում եւ Բահամյան կղզիներում:
Գիտնականներն ընդգծել են, որ Ատլանտիկայի սառեցումը ցիկլոններ է «առաջացնում», որոնք նախկինում Սահարա էին հասնում արեւմուտքից: Այդ պատճառով Աֆրիկայում գրեթե երբեք տեղումներ չեն լինում: