Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորումը շարունակում է մնալ մեր կազմակերպության առաջնահերթությունը: Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովին ունեցած ելույթում։

«Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության այս բարձրագույն մակարդակի հանդիպման առթիվ շատ ուրախ ենք գտնվել Ձեր երկրում, հարգելի պարոն Նախագահ։ Մեր խորին շնորհակալությունը Ձեզ՝ այս գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակի եւ Մադագասկարի իշխանությունների ու ժողովրդի կողմից մեզ ցուցաբերված առանձնահատուկ ջերմ ընդունելության համար։ ​

Ցանկանում եմ նաեւ հայտնել Ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար, մեր գնահատանքը՝ որպես Ֆրակոֆոնիայի ղեկավար Ձեր ծավալած գործունեության համար՝ ուղղված միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի տեսանելիության ապահովմանը եւ Կազմակերպության առաջնահերթությունների կյանքի կոչմանը։

Առանձնահատուկ շնորհակալության է արժանի Ձեր այն վճռականությունը, որով տարածաշրջանային եւ միջազգային մեր գործընկերների հետ համատեղ փորձում եք առաջ մղել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը՝ այս հիմնարար արժեքները, որորնք միավորում են մեր կազմակերպության անդամ-պետություններին եւ կառավարություններին։

Մենք նաեւ մեծապես արժեւորում ենք այն ջանքերը, որ դուք գործադրում եք հանուն հանդուրժողականության, բազմազանության եւ երկխոսության մշակույթի արմատավորման։

Տիկին գլխավոր քարտուղար,

Մենք նաեւ ողջունում ենք Ձեր այն նախաձեռնությունները, որոնց նպատակն է նոր լիցքեր հաղորդել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության կյանքի կոչմանը, ինչպես նաեւ այն մեծ ուշադրությանը, որը Դուք դարձնում եք երիտասարդությանը եւ կանանց վերաբերող հարցերին։

Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորումը շարունակում է մնալ մեր կազմակերպության առաջնահերթությունը։ Կարեւոր եմ համարում վերահաստատել մեր աջակցությունը Ձեր նախաձեռնություններին, որոնք միտված են աջակցելու անդամ-երկրներին եւ խրախուսելու ճգնաժամային իրավիճակների կարգավորումը։ Մենք սատարում ենք Ձեր քայլերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ սկզբունքային մոտեցումը փախստականների եւ միգրանտների խնդիրների վերաբերյալ։

Մեր գոհունակությունն ենք հայտնում, որ վաղը մեր գագաթաժողովի հաստատամանը ներկայացված Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձեւում, Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարները իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերին՝ կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա։

Պետությունների եւ կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Լինելով քաղաքակրթությունների խաչմերուկում, ուր իրար են հանդիպում Արեւելքն ու Արեւմուտքը՝ Հայաստանը մշտապես եղել է մշակույթների երկխոսության օրրան։

Հայաստանի ֆրանկոֆոն ինքնությունը սկսել է ձեւավորվել դեռեւս դարեր առաջ, մասնավորապես՝ միջնադարյան պատմության ընթացքում, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունում ֆրանսերենը հայոց լեզվի հետ մեկտեղ հայոց արքունիքի պաշտոնական գրագրության լեզուն էր:

Այսօր Հայաստանը հպարտ է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին իր պատկանելությամբ, որի հետ կիսում է մարդասիրության եւ համերաշխության արժեքները:

Այո, Հայաստանը Ֆրանկոֆոնիայի համեմատաբար երիտասարդ անդամ-պետությունների շարքում է, սակայն բոլորն են ընդունում մեր ներդրումը եւ ակտիվ, նախաձեռնող ու եռանդուն մացնակցությունը Կազմակերպության շրջանակներում։

Հայաստանը խորապես հետամուտ է մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածմանը, ֆրանսերեն լեզվի խրախուսմանը, ֆրանկոֆոն միջավայրի ամրապնդմանը, ինչի վառ վկայությունն է հանդիսանում նաեւ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում կազմակերպված մշակութային եւ կրթական հարյուրավոր միջոցառումների անցկացումը, որի ծավալները եւ որակը տարեց տարի աճում են։

Հայաստանը լիովին ներգրավված է Կազմակերպության ինստիտուցիոնալ կառույցներում` ակտիվորեն մասնակցելով դրանց գործունեությանը։ Մեր երկիրը հաջողությամբ խորացրել է իր ներգարվվածությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության եւ ֆրանկոֆոն այլ կառույցներու` նպաստելով վերջիններիս նախաձեռնությունների իրականացմանը եւ Հայաստանում նրանց գործունեության զարգացմանը։

Կարծում ենք, որ այն գործունեությունը, որ մենք իրականացնում ենք հօգուտ Ֆրանկոֆոնիայի տարածմանը մեր տարածաշրջանում, որտեղ վերջինս քիչ է ներկայացված, ֆրանկոֆոն ընտանիքի համերաշխության դրսեւորման կարիքն ունի։

2015 թվականի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը Երեւանում հաջողոթյամբ անցկացնելուց հետո Հայաստանը ցանկություն հայտնեց ի ցույց դնել իր ֆրանկոֆոն հանձնառության եւս մեկ վկայություն՝ առաջարկելով Հայաստանում հյուրընկալել 2018 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը:

Համոզված ենք, որ այդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում էականորեն կնպաստի Ֆրանկոֆոնիայի գաղափարների ամրապնդմանը մեր տարածաշրջանում՝ քաղաքակրթութունների եւ մշակույթների այս մեծ խաչմերուկում։

Շնորհակալություն։