ՁԻԱՀ-ը հաղթահարելու հարցում իրական առաջընթաց է գրանցվել. աննախադեպ թվով մարդիկ բուժում են ստանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Երեսունհինգ տարի է անցել այն օրից, ինչ ի հայտ եկավ ՁԻԱՀ-ը: Միջազգային համայնքը կարող է հետ նայել որոշ հպարտությամբ, բայց մենք պետք է նաեւ առաջ նայենք վճռականությամբ եւ պարտավորված՝ մինչեւ 2030 թվականը վերջ դնելու ՁԻԱՀ-ի համաճարակին:

Հիվանդությունը հաղթահարելու հարցում իրական առաջընթաց է գրանցվել: Աննախադեպ թվով մարդիկ բուժում են ստանում: 2010 թվականից ի վեր մորից երեխային փոխանցման միջոցով վարակված երեխաների քանակը կիսով չափ նվազել է: Տարեցտարի նվազում է ՁԻԱՀ-ի հետ կապված պատճառներով մահացության ցուցանիշը, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի տեւողությունը երկարում է:

Վերջին հինգ տարվա ընթացքում կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 18 միլիոնի: Ճիշտ ներդրումների շնորհիվ աշխարհը կարող է արագացված առաջխաղացում ունենալ՝ հասնելով մինչեւ 2030 թվականը 30 միլիոն մարդու բուժման մեր թիրախին: Այժմ ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները, որ կանխում են մորից երեխային փոխանցումը, հասանելի են դրանց կարիքն ունեցող մարդկանց ավելի քան 75 տոկոսին:

Չնայած հստակ առաջընթացին՝ մեր հաջողությունները դեռեւս փխրուն են: Երիտասարդ կանայք հատկապես խոցելի են այն երկրներում, որտեղ ՄԻԱՎ-ը մեծ տարածում ունի, մասնավորապես՝ Ենթասահարային Աֆրիկայում: Բնակչության ռիսկային խմբերը շարունակում են անհամաչափորեն ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակման վտանգին: Առաջնային վարակումները հատկապես տարածված են ներերակային թմրամիջոցներ գործածող մարդկանց, ինչպես նաեւ նույնասեռական տղամարդկանց ու այլ՝ տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց շրջանում: ՁԻԱՀ-ի համաճարակը տարածվում է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում՝ ուղեկցվելով խարանով, խտրականության դրսեւորումներով ու պատժիչ օրենքներով: Ամբողջ աշխարհում սոցիալապես անապահով մարդիկ զրկված են ծառայություններից եւ խնամքից օգտվելու հնարավորությունից: Քրեականացումն ու խտրականությունն օր օրի խթանում են նոր վարակումները: Կանայք եւ աղջիկները շարունակում են լինել հատկապես տուժող խումբը:

«Կայուն զարգացման օրակարգ – 2030» ծրագիրն ընդունվել է ոչ ոքի չանտեսելու խոստումով: Եվ այս խոստումը ոչ մի այլ ոլորտում ավելի կարեւոր չէ, քան ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Երիտասարդ, խոցելի եւ լուսանցք մղված մարդկանց օգնելը կփոխի համաճարակի ընթացքը: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ/ UNAIDS) ռազմավարական շրջանակը համահունչ է Կայուն զարգացման նպատակներին, որոնք ընդգծում են, թե ինչպես է ՄԻԱՎ-ի դեմ պայքարը շաղկապված կրթության, խաղաղության, գենդերային հավասարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում առաջընթացին: Հպարտությամբ եմ հետեւում, թե ինչ նվիրվածությամբ են ՄԱԿ-ը եւ ՄԱՁԻԱՀ-ը, Միշել Սիդիբեի առաջնորդությամբ, այս համաճարակին վերջ տալու նոր ու առավել արդյունավետ լուծումներ փնտրում:

Առաջին տասնամյակի ընթացքում տուժած խմբերը հրաժարվեցին ՁԻԱՀ-ին հակազդման հարցում ոչինչ չանելու, ոչնչով աչքի չընկնելու եւ թույլի դիրքից: Նրանց խիզախությունն էր, որ առաջընթացի հանգեցրեց կանանց եւ երեխաների առողջությունը պահպանելու, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների մատչելիության մեծացման ու ձայնազուրկներին խոսք տալու հարցերում: Բոլորս պետք է միավորվենք այդ նույն անկոտրում ոգով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը ես ողջունում եմ առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ՄԱԿ-ի իմ գործընկերների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի անխոնջ ջանքերը՝ ուղղված այս հարցում առաջխաղացմանը:

Մինչ պատրաստվում եմ հրաժեշտ տալ Գլխավոր քարտուղարի պաշտոնին, բոլորիդ հորդորում եմ. եկեք վերստին պարտավորվենք միասին իրականություն դարձնել ՁԻԱՀ-ից զերծ աշխարհի մեր տեսլականը: