Կիեւի հսկողության տակ գտնվող Դոնեցկի մարզում վերականգնված հեռուստաաշտարակի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որոշ լրագրողների թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը։ Այս մասին հայտում է Strana.ua–ն։
Պարբերականի տվյալներով՝ Կարաչուն լեռան վրա կայանալիք միջոցառմանը ժամանած լրագրողներին ստուգել են, իսկ հետո Ուկրաինայի անվտանգության ծառայության եւ Պետական պաշտպանության վարչության աշխատակիցները կարդացել են այն լրագրողների անունները, որոնք չեն կարող իջնել ավտոբուսից եւ մասնակցել միջոցառմանը։
Դրանց թվում են եղել «Էսպրեսսո», «Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության Դոնեցկի մարզային տնօրինություն» եւ «Դոնբասի հանրային հեռուստատեսություն» լրատվամիջոցների լրագրողները, որոնք հավատարմագրվել էին միջոցառման համար։
«Մեր լրագրողներին թույլ չեն տվել 4 ժամ շարունակ իջնել ավտոբուսից։ Նրանց նախազգուշացրել են, որ կարող են ոտքերին կրակել, եթե նրանք փորձեն դուրս գալ»,– ասված է «Դոնբասի հանրային հեռուստատեսության» հայտարարության մեջ։




























