Հայաստանի իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ հայտնում են, որ չեն մասնակցելու Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համոզված են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի:  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատակն է:  

Պաշտպանելով ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված գործադրվող ջանքերն ու նախաձեռնությունները, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից  ԼՂՀ միակողմանի  ճանաչման քայլը այս պահին չի բխում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի  որդեգրած կառուցողական դիրքորոշումից, որին եւ զորակցում է խորհրդարանական կոալիցիան:

Անցած 18 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես շահագրգիռ մոտեցում է ցուցաբերել բանակցային գործընթացին` համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների ազնիվ եւ հետեւողական կենսագործման պայմաններում:

Միաժամանակ, համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ սեփական պետություն ունենալու իրավունքը այն բարձրագույն արժեքն է, հանուն որի  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես պատրաստ է գնալ առավել վճռական քայլերի, եթե բանակցային գործընթացը ձախողվի` վտանգելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու անվտանգությունը:

Ընթացող բանակցային գործընթացի ձախողման պարագայում մենք թե՜ ինքներս կնախաձեռնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման քայլը, թե՜ կսատարենք դրանով մտահոգ ցանկացած այլ քաղաքական ուժի նախաձեռնությանը:

Այս պահին իշխող քաղաքական կոալիցիան հայտարարում է, որ չի մասնակցելու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը»:

Հայտարարությունը ստորագրել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: