Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Կոմիտասի անվան այգում, Պանթեոնի հարեւանությամբ Դելֆինարիում կառուցելու շուրջ բարձրացված աղմուկին:
Նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.
«Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: Հայաստանի մշակույթի նախարարությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան, տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին ո՜չ էկոլոգիապես եւ ո՜չ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ եւ այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը»:



























