ՌԴ Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս- ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, նաեւ հանդիպում երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, նաեւ վերջերս տեղի ունեցած «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրների մատակարարումը Ադրբեջանի գլխավոր աշխարհքաղաքական հակառակորդ Հայաստանին, գրում է «Կոմերսանտը»։

Պարբերականի տեղեկություններով, Ռոգոզինը Բաքու  է մեկնելու միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որը դեկտեմբերի 16-ին է ծրագրված։ ՌԴ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության թոփ մենեջերի խոսքով, ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից բացի, օրակարգում առանձնացված են երկու միջոցառումներ՝ ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ու զենքի արտահանման  մասին բանակցությունները, որոնցում ներգրավված է լինելու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Դաշնային ծառայության փոխտնօրեն Անդրեյ Բոյցովը։

 Ռազմատեխնիկական համագործակցության համակարգում պարբերականի աղբյուրները նշում են, որ ռուսական կողմի հիմնական խնդիրներից է լինելու ՌԴ դիրքորոշման բացատրությունը ՝ այս տարի Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ մատակարարելու հարցում․  «Ադրբեջանցի գործընկերները ծայրաստիճան բացասաբար են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը ղարաբաղյան հակամարտության համատեքստում»։