Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը պահանջում է պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից` կոչով դիմել Գալուստ Սահակյանին, որպեսզի այսօր ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորը կարգազանց համարվի եւ քայլել ձեռնարկի այդ ամենը բացառելու ուղղությամբ:

Հովհաննես Սահակյանը, սակայն, նշեց, որ դա իր տիրույթում չէ, ինքը բնականաբար մշտապես դատապարտել է նման երեւույթները, սակայն դրա համար կա Էթիկայի հանձնաժողով, որն էլ պատգամավորի վարքագծի մասին պետք է կարծիք հայտնի:

«Այն սանկցիաները, ինչի մասին խոսում եք, աղմկել, դուրս հրավիրել այդ պատգամավորին, խոսափողն անջատել, քվեարկությանը չթողնել մասնակցել, դրանք այլ հարցին են վերաբերում: Խնդիրը հասարակական ընկալման եւ դատապարտման դաշտում է, ու Էթիկայի հանձնաժողովն էլ ստեղծվել է, որ պատգամավորի վարքագիծը քննվի հենց Ազգային ժողովում»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմանն ի պատասխան Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ ԱԺ Կանոնակարգ- օրենքում դեռեւս մի քանի ամիս առաջ տեղի ունեցած փոփոխություններով ուրիշի փոխարեն քվեարկությունը համարվում է կարգազանց վարքագիծ:

«Այսօրվա Կանոնակարգ- օրենքով էլ հստակ նշված է, թե ինչ պետք է անել կարգազանց պատգամավորի նկատմամբ: Դուք կոչով կդիմե՞ք Գալուստ Սահակյանին, որ այդ ամենն արվի, որովհետեւ միայն այս մշակույթով ենք դնելու հարգանքը նոր Կանոնակարգ-օրենքի նկատմամբ»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանը կրկին չընկրկեց, ավելին ընդգծեց` նախընտրական ժամանակահատված է, իսկ կրքերը տանում են նախընտրական ժամանակահատված:

«Մեր գործընկերներից մեկը հանիրավի մեղադրում է ԱԱԾ-ին, հիմա էլ կարգազանց պատգամավորներ, չգիտեմ` ինչ: Ազգային ժողովի նախագահը նիստը նախագահողն է եւ աշխատանքները բնականոն կազմակերպողն ու անցկացնողը»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր քվեարկության ժամանակ ինչ-որ մեկը քվեարկել է Ռուբեն Սադոյանի փոխարեն, սա չի վրիպել Թեւան Պողոսյանի աչքից. Սադոյանը չկա, սակայն քվեարկել է: Ի դեպ, Սադոյանի կողքը նստում է Առաքել Մովսիսյանը, չի բացառվում, որ հենց նա է եղել քվեարկողը: