Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով այսօր DigiTec Expo 2010 ցուցահանդեսի բացման ժամանակ, հայտարարեց, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։

«Առավելապես ուշադրություն ենք դարձնում DigiTec-ի ամենամյա այս հանդիպումներին, որովհետեւ մի կողմից սա հնարավորություն է ամփոփել անցած ուղին, համեմատություն կատարել, թե նախորդ տարվա հետ ինչ առաջընթաց եւ խնդիրներ կան ոլորտում։ Մյուս կողմից՝ սա բացառիկ հնարավորություն է բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցների հետ միասին տեսնելու, թե ինչ հեռանկարներ են բացվում ՏՏ ոլորտի առջեւ եւ ինչ անելիքներ ունի կառավարությունը»,- ասաց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ կառավարության գործողությունները լուրջ խթան են ՏՏ զարգացման համար, թեեւ ոլորտի ոչ բոլոր ներկայացուցիչներն են միանշանակ կիսում այս տեսակետը։ Ի դեպ՝ ցուցահանդեսում կառավարությունը նաեւ կներկայացնի նորարարություններ, թե ինչպես է նոր տեխնոլոգիաներ կիրառելով՝ ծառայություններ մատուցում ձեռներեցներին եւ քաղաքացիներին։

Վարչապետի գնահատմամբ՝ 100 հազ. մարդ օգտվում է կառավարության մոդիֆիկացված ծառայություններից, ինչը լուրջ խթան է ՏՏ ոլորտի համար։