ՀԱԿ-ը որպես քաղաքական միավորում էներգիա է կորցրել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀԱԿ նախագահի ելույթին:
«ՀԱԿ-ի նկատմամբ ուշադրություն ձեւավորելու տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը լավ քայլ էր: Սակայն, պետք է ասեմ, որ ՀՀԿ-ն չի լծվելու նրա կողմից առաջարկված քաղաքական օրակարգին: Նրա հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը միայնակ է, պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը երբեք միայնակ չի եղել, չի էլ մնա»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայն չէ Լեւոն Տեր-Պերոսյանի ելույթում հնչած շատ կետերի հետ. «Արդյոք պատեհ պահ է քառօրյա պատերազմից հետո խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ: Արդյոք կարելի էր հարսանիքից առաջ թոռան անունը որոշել: Արդյոք ճիշտ է, երբ աշխարհաքաղաքական տեսանկյունից ընդդիմությունը փորձում է ավելի ճկուն եւ բարիշող հանդես գալ, քան իշխանությունը»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ԼՂ բանակցություններում փոխզիջումը այլընտրանք չունի եւ այդ հարցում պետք է սատար կանգնել գործող նախագահին, ով էլ նա լինի: Տեր-Պետրոսյանը մեղադրել էր իշխանական ուժերին, որ սատար չեն կանգնում ՀՀ նախագահին այդ հարցում եւ նրան միայնակ են թողել:





























