2016թ. Հայաստանում հաջողվել է տնտեսական, սոցիալական առաջընթացի հիմքեր ստեղծել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա թվարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության կարեւոր ձեռքբերումները 2016թ. ընթացքում` ՀՀԿ համագումար, ՏԻՄ ընտրություններ, կուսակցական կառույցների ձեռքբերում, ՀՀԿ անդամակցության գործընթաց, ՀՀԿ դպրոցի հիմնադրում, ՀՀԿ-ի արտաքին կապերի ընդլայնում ու ձեռքբերում:

«Մենք մաքրում ենք մեր կուսակցական շարքերը, լինում են նաեւ բնական կորուստներ` մահ: Կուսակցությունը դինամիկ, քաղաքական մարմին է, այն զարգանում է: Մեր կուսակցությունը 13 հազար նոր անդամ ունի, նաեւ կուսակցությունից դուրս եկողներ են եղել, սակայն, այն խոսակցությունները, թե նրանք դուրս են եկել, որովհետեւ Կարեն Կարապետյանն անդամագրվել է կուսակցությանը, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:

Նա նաեւ թվարկեց 2016թ. ընթացքում տեղի ունեցած քաղաքական կարեւոր իրադարձությունները:

«Քաղաքական նոր կոալիցիայի ձեւավորումն էր թիվ մեկ առաջընթացը: Նոր տարին լի էր ցավալի իրադարձություններով, ապրիլյան պատերազմի ազդեցությունն ու դերակատարությունը քաղաքական եւ հասարակական կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցան: Ապրիլյան պատերազմը թույլ տվեց հպարտանալ, որ այն բոլոր անհանգստությունները, թե նոր սերունդն այն չէ, սին էին: Ցույց տվեց նաեւ, որ հասարակական եւ քաղաքական կոնսոլիդացիայի աննախադեպ ծավալ կարող ենք արձանագրել:

Խոշոր հաջորդ իրադարձությունը Հռոմի Պապի այցն էր Հայաստան, որը քաղաքական նշանակություն ուներ, երբ Չինաստանին համարժեք մարդկանց հանրույթն իր առաջնորդով ներկայացվեց Հայաստանում` հոգեկան, բարոյական ուղերձներ հղելով հայ ազգին: Այս պատմական այցը գոհար է այն բոլոր իրադարձությունների շարքում, որի շրջանակում ձեռքբերումներ կային»,-ասաց նա:

Աշոտյանը նաեւ նշեց, որ անցած դարում որոշակի ցնցումներ չշրջանցեցին ներքին քաղաքական կյանքը. «Հուլիսյան դեպքերը մարտահրավեր էին, որը ցույց տվեց, որ Հայաստանում ուժով եւ զենքով լուծվելիք խնդիրներ չկան: Այս իրադարձությունը նաեւ մերկացնելով բազմաթիվ հարթություններ իր դրոշմը դրեց հետագա քաղաքական եւ հասարակական զարգացումների վրա:

Օլիմպիական մեդալները եւս մեծ ձեռքբերում էին Հայաստանի համար: Հաջորդ խոշորագույն իրադարձությունը անկախության 25-ամյակն էր»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ անցած տարում խոշոր քաղաքական իրադարձություն էր նաեւ նոր կառավարության ձեւավորումը, որը կառավարման արդիականացման եւ ժամանակակից պետություն ունենալու հեռանկարի մասին է  խոսում: