Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության մեջ ոչ միայն միջնորդ է, այլեւ ունի շահեր եւ իր ավանդույթի համաձայն փորձում է իր շահերն առաջ քաշելով ինչ-որ հարցեր լուծել. օրինակ ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ եւ այնքան շատ է ուզում, որ ճնշում է ՀՀ իշխանություններին, որ գնանք զիջումների եւ այդ հարցը լուծվի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը. 2016-ի ամփոփում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տարի եւս չկարողացավ սկսել բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, բանակցությունները հիմնականում ընթանում էին հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ:

«Մյուս կարեւոր գործոնն այն է, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորներն ու միջին օղակի սպաները, ժողովուրդը պատրաստ են հայրենիքը պաշտպանել, ի տարբերություն իշխանությունների: Մեր բանակի գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ դժվար է պայքարել, ռեսուրսները քիչ են, մինչդեռ զինվորները կանգնեցին մինչեւ վերջ»,-ասաց նա: