ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը կարեւորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների եւ փոխգործակցության հետեւողական խորացումը բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է: Սերժ Սարգսյանը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում եւս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում եւ առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ:

Նախագահը հույս է հայտնել, որ հայ եւ ռուս խորհրդարանական գործընկերների երեւանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին:

Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է եւ կարեւորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետեւողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը: