Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի սեփականատեր Հակոբ Հակոբյանը պնդում է, որ իր բիզնեսի համար երբեք իր կուսկացությունը, իշխանությունը տանիք չի եղել:
«Ես ծնվել եմ խորհրդային երկրում, բանվորի ընտանիքում, երբեք ոչ մի անգամ որեւէ մեկը չի կարող ասել, որ ես փնտրել եմ ինձ համար տանիք ու շարունակել իմ կյանքը: Նման բան իմ մոտ չի եղել: Իմ տանիքը իմ երկիրն է ու երկրի օրենքները»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է գործարար պատգամավորը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Անդրադառնալով ՏՄՊՊՀ կողմից իրեն պատկանող «Երեւանի գարեջուր» գործարանը 110 մլն դրամով տուգանելու որոշմանը, Հակոբ Հակոբյանն ասաց, որ վարչապետը մամուլից տեղեկանալով ընկերությանը տուգանելու մասին զանգահարել է իրեն եւ հրավիրել հարցը քննարկելու: «Երբ այդ օրը ավարտվեց նիստը եւ ես գնացի ձեռնարկություն, ինձ համար շատ զարմանալի էր, հեռախոսիս վրա զանգեցին վարչապետի ընդունարանից, միացրեցին վարչապետին: Այդ օրը վարչապետը Մոսկվայից նոր էր վերադարձել, շատ արագ արձագանքեց դրան. հետքրքրվեց՝ ինչ է եղել եւ հրավիրեց իր մոտ զրույցի, որ իմանա մեզանից, թե ինչ է եղել: Մենք գնացինք ներկայացրեցինք ամեն ինչ: Մենք հիմա օրենքով սահմանված ընթացակարգով բողոքարկում ենք տուգանքի որոշումը»,-ասաց գործարար պատգամավորը:
Դիտարկմանը՝ փաստորեն իշխանությունը ՀՀԿ-ական գործարարի համար տանիք չէ՞ տուգանքներից զերծ մնալու առումով, նա արձագանքեց, որ երբեք որեւէ մեկը իր բիզնեսի համար տանիք չի եղել:
Նշենք, որ պատգամավորին պատկանող «Երեւան գարեջուր» ընկերությանը մեկ ամսի առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է 110 միլիոն դրամով, որն անօրինական է համարում պատգամավորը եւ բողոքարկել է այդ որոշումը:





























