Հայաստանում մեզանում լուծման կարոտ հիմնահարցերն այնքան են կուտակվել, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում չգտնվեն դրանց հաղթահարման կոնկրետ եւ արդյունավետ ուղիները, ապա գործող իշխանության հանդեպ հանրային վստահության լիակատար բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն հետընտրական ցնցումների, այլեւ հեղափոխական լուրջ կատակլիզմների: Այս մասին, «Երրորդ հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում նշել է Վիկտոր Դալլաքյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արձանագրված համատարած ձախողումների արդյունքում իրավիճակը շտկելու համար մեզ հատկացված ժամանակը մոտեցել է իր ավարտին: «Հայ ժողովուրդը չի կարող սպասել՝ Հայաստանի հայաթափման եւ արտաքին մարտահրավերների ու վտանգների մեծացման պայմաններում շարունակվող թալանի ու թատերախաղերի ավարտին: Հայաստանը չի կարող դիմանալ՝ մինչեւ որ երկրից կհեռանա եւս կես միլիոն մարդ, եւ այլեւս անհնար կլինի բանակ պահել ու մեր սահմանները պաշտպանել:

Ուստի գործող իշխանության ինքնավերարտադրության ձգտումն այսօր Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ մարտահրավերն է, որի հաղթահարումը պահանջում է ողջ ազգի համախմբումը: Այդ պատճառով 2017-ին մեզ ընձեռված հնարավորությունը օգտագործելու խնդիրը կուսակցական–քաղաքական առաջադրանք չէ, այլ պետության ու ազգի հետագա գոյության վրա կախված մահացու սպառնալիքի համատեղ հաղթահարման հրամայական»,-հայտարարել է Դալլաքյանը:

Նրա խոսքով, դրա խոր գիտակցումը պահանջում է բոլոր այն քաղաքական ուժերի եւ անհատների միասնությունը, որոնք ընդունում են երկրի զարգացման մեջ արմատական բեկում առաջ բերելու կենսական անհրաժեշտությունը եւ պատրաստ են համախմբվել առաջնահերթ նպատակների վրա հիմնված բարեփոխական ծրագրի եւ դրա առանձին հանգրվաններն ամրագրող հստակ ժամանակացույցի՝ ճանապարհային քարտեզի շուրջ:

Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում արմատավորված քաղաքական ու տնտեսական մենաշնորհների պահպանման եւ քաղաքական համակարգի անկատարության պայմաններում սկզբունքորեն ժողովրդավարական բնույթ ունեցող խորհրդարանական կառավարումը իրականում ոչ թե թուլացնելու, այլ ուժեղացնելու է առկա կլանային համակարգը՝ ձեւավորելով ներփակ օլիգարխիկ կուսակցապետություն. «Որովհետեւ Հայաստանում իշխանություն ձեւավորող կուսակցությունների մեծ մասը վաղուց արդեն վերածվել է մեկ կամ մի քանի անձանց բիզնես շահերն ապահովող շահակցական միությունների:

Քանի որ հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության շահերը այսօր արմատական հակասության մեջ են նրան պարտադրված վարչակարգի ինքնավերարտադրության ձգտման հետ, քանի որ հայ ժողովրդը՝ որպես մեկ ամբողջություն՝ խորը ատելությամբ է լցված գործող իշխանության հանդեպ, երկրի քաղաքական կյանքում դերակատար բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, պրոֆեսիոնալ ու ստեղծագործական միությունների, հայրենակցական կազմակերպությունների, անհատների եւ անգամ՝ այսօր իշխող կուսակցություններում առկա ազնիվ ու մտահոգ քաղաքացիների առաջնահերթ խնդիրը  Հայաստանում իրականացվող հակապետական քաղաքականությունը մերժող միասնական Ազգային ճակատի ձեւավորումն է:

Դրան կարող են անդամագրվել ոչ միայն առանձին քաղաքական ուժեր, այլեւ հասարակական կազմակերպություններ, կոլեկտիվներ եւ անհատներ՝ անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նախապատվություններից՝ Հայաստանում ու Սփյուռքում: Ողջ ազգը՝ Հայրենիքում ու Սփյուռքում, պետք է միավորվի ու համախմբվի մեկ նպատակի շուրջ՝ թույլ չտալ Հայաստանում առաջիկա  խորհրդարանական ընտրությունների կեղծման միջոցով՝ լիովին ձախողված իշխանության վերարտադրությունը»,- իր խոսքն է ամփոփել Վիկտոր Դալլաքյանը: