Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը հանդես է գալիս արցախահայության ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ միջազգային ճանաչման գործընթացի իրականացման, անվտանգության միջազգային երաշխիքների ապահովմամբ՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ, հակամարտության երկու կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ փոխհամաձայնության հիման վրա կատարված այնպիսի լուծման կողմնակից, որին հավանություն կտա Արցախի ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում նշել է ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Նրա խոսքով, այդ համատեքստում բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ կողմ հանդես գալը բխում է արցախյան հակամարտության բովանդակությունից ու տրամաբանությունից եւ մեծապես կնպաստի հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը:
«Միաժամանակ կարեւորում ենք Հայաստանի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր կարգավորման համատեքստում, առանց որի անհնարին է նաեւ արցախյան հիմնահարցի վերջնական հանգուցալուծումը»,-ասել է Դալլաքյանը:
Նա ընդգծել է, որ կուսակցության ծրագրում նաեւ ամրագրված են հասարակական հնչեղություն ունեցող մի շարք կնճռոտ հարցերի վերաբերյալ հստակ մոտեցումներ. «Մենք առաջարկում ենք`
1. քայլեր ձեռնարկել ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2017 թթ. ժամանակահատվածում ՀՀ նախագահների, ԱԺ նախագահների ու պատգամավորների, վարչապետների ու նախարարների եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում ամրագրված այլ պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի, ունեցվածքի եւ եկամուտների իրական պատկերը, դրանց ծագման աղբյուրները, համապատասխանությունը վերոհիշյալ անձանց օրենսդրությամբ սահմանված եկամուտներին /աշխատավարձերին/ ու նրանց կողմից ներկայացված հայտարարագրերին,
2. քայլեր ձեռնարկել ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2017 թթ. ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրականացված պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ օրինականությունը՝ բացառելով, այսպես կոչված, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման որեւէ ուղղվածությունն ու միտվածությունը,
3. քայլեր ձեռնարկել ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1996 թ. սեպտեմբերի 25-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, 2004 թ. ապրիլի 11-12-ի գիշերը ԱԺ մերձակայքում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված վայրագությունների, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների եւ սպանդի բացահայտման, 2016թ. հուլիսի 17-ից մինչեւ հուլիսի 31-ը Երեւան քաղաքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանն առընչվող իրադարձությունների եւ բողոքի ակցիաների ժամանակ կատարված բռնությունների ու սպանությունների հետ կապված խնդիրները,
4. քայլեր ձեռնարկել Հայաստանում քաղաքական դրդապատճառներով պատասխանատվության ենթարկված անձանց ազատ արձակելու ուղղությամբ, բացառել բոլոր կարգի քաղաքական հետապնդումները,
5. քայլեր ձեռնարկել ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2017 թթ. ժամանակահատվածում Հայաստանի կողմից օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի եւ դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը,
6. քայլեր ձեռնարկել ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1991-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից անօրինական ճանապարհով դուրս բերված կապիտալը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: Տարբեր գնահատականներով այդ ընթացքում Հայաստանից դուրս է բերվել ավելի քան 30 միլիարդ դոլար»:




























