2015թ. նոյեմբերի 28–ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 18-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի գործով նախաքննությունը մեկ տարուց ավելի է շարունակվում է: NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործով ձեռք են բերվել մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են համածառայակիցների կողմից նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու, դիրքը չարաշահելու դեպքեր:
Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով նշանակվել են դատաբժշկական (այդ թվում նաեւ` դիակի), դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական, դատակենսաբանական եւ դատահետքաբանական համալիր, հետմահու դատահոգեբանական (նաեւ կրկնակի հանձնաժողովային) փորձաքննություններ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաննությամբ պարզվել է, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող իրեն պատկանող անասնագոմում պահվող խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Դեպքի օրը Գեւորգը հեռախոս է խնդրել ծառայակիցներից, առանձնացել է, մի քանի զանգ կատարել, հեռախոսը վերադարձրել եւ հեռացել, ինչից հետո հնչել է կրակոց, Գեւորգին գտել են կզակին ստացած հրազենի վնասվածքից մահացած։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Կապիտան Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) եւ 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ.Վարդեւանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), շարքայիններ Հ.Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա.Ոսկանյանի եւ Հ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Հ.Վարդեւանյանի եւ Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել:



























