Ջավախքում գտնվող Փարվանա լճի ափին՝ Ասփարա գյուղի կենտրոնում է գտնվում կիսաքանդ ամրոցը, որն իր տեսքով միանգամից գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: Ամրոցի միջին մասում կա 12-րդ դարի վերջերին եւ 13-րդ դարի սկզբներին կառուցված բազելիք ոճի թաղակապ եկեղեցի: Վրացիները տարբեր ուսումնասիրությունների ժամանակ պնդել են, որ դա վրացական է, սակայն, այս եկեղեցու ճարտարապետական ոճը՝ եռաշարք հիմքը, ստելաժը, խորանի ուղղությունը, հարավային մուտքը, միակ պատուհանը, շաղախը, որը ձվի, կրի եւ լճավազի շաղախ է, հանդիպում են միայն Մեծ Հայքի տարածքում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եկեղեցին կառուցվել է հնագույն կիկլոպյան տիպի ամրոցների նման` ավերված հեթանոսական սրբավայրի կամ տաճարի ավերված հիմքերի վրա:
Հնագույն ամրոցը մոտավորապես զբաղեցնում է 2հա տարածք: Արտաքին պարսպի ավերված հիմքերի վրա կառուցվել են Ասփարա գյուղի դպրոցը, կոլտնտեսության պահեստները, գրասենյակը եւ մշակույթի տունը, դարբնոցը եւ 5 բնակելի տներ, որոնց մեծ մասն արդեն ավերված են: Ամրոցի հյուսիս-արեւմտյան մասում հայտնաբերվել է ստորգետնյա գետնուղի, իսկ հարավային մասում երկրորդ գետնուղի, որը տանում է դեպի Փարվանա լիճ:

Այս դիտարկումները թույլ են տալիս պնդելու այն փաստը, որ ամրոցը եղել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանող հզոր ամրությունների կենտրոնատեղի, որը փակել է Հյուսիսային Կովկասից դեպի կենտրոնական Հայաստան տանող կարեւորագույն ռազմավարական ճանապարհը եւ առեւտրական ուղին: Սովետական շրջանում՝ լճի արեւմտյան մասում գտնվող տորֆապատ դաշտավայրում, 20-րդ դարի 30-50-ական թվականներին հայտնաբերվել են նետերի եւ նիզակների բրոնզե եւ երկաթե ծայրակալներ, թրեր, որոնց մասին վկայում են գյուղի բնակիչները:
Այժմ եղեղեցին կիսաքանդ վիճակում է, կանգուն է հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան խորանապատը: Իսկ ահա Փարվանա լճի ափին տեղակայված Ասփարա գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ երկգագաթ անանուն լեռան գլխին, գտնվում է մի հնադարյան ամրոց: Ամրոցի հաստաբեստ 4մ. լայնությամբ պարիսպները եւ նրա հարակից ամրություններն ու բնակելի շինությունները գրավում են լեռան երկու գագաթները: Ամրոցը զարմացնում է իր ճարտարապետական ուրույն կառուցվածքով, այն ամբողջովին շարված է բազմատոն քառաժայռերով:

Ոչ մի պատմական աղբյուրում, ինչպես նաեւ բանավոր տեղեկություններում այս բերդի կառուցողների, դրա կառուցման ժամանակի, հիմնական բնակավայրերից նշանակալից հեռավորության, դրա կառուցման նպատակների մասին որեւէ տեղեկություն չկա: Այս ամրոցը նման է մեզ համար անհասանելի ու անհասկանալի գաղտնիք պարունակող կիսավեր հսկայի: Ումի՞ց են վախեցել Ջավախքի հնագույն բնակիչները, որ բնակավայրերից այսքան հեռու, ծովի մակերեւույթից ավելի քան 3000 մ բարձրության վրա կառուցել են այս ամրոցը:
Այս կիսավեր ամրոցի քարերի վրա որեւէ աշխատանքային կամ շինարարական գործիքի հետք չկա: Ամրոցի կառուցողները եղել են հսկաներ, որոնց անսովոր հասակի եւ ուժի մասին են վկայում տեղի բնակիչները, որոնք ժամանակ առ ժամանակ գյուղատնտեսական կամ շինարարական աշխատանքներ կատարելիս՝ գյուղի տարածքում եւ հնադարյան միջնաբերդի պարիսպների հարեւանությամբ գտել են հսկա մարդու կմախքներ:




























