Տավուշի մարզում անչափահաս աղջկա սպանության մեջ գործով նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանը հայտնեց, որ բոլոր քննչական գործողություններն ավարտված են, սպասում են միայն դատակենսաբանական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը:
«Այդ փորձաքննության պատասխանին ենք սպասում, որից հետո նախաքննության ավարտ կհայտարարվի»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ վերջերս ստացվել է դատահոգեբուժական- դատահոգեբանական փորձաքննության պատասխանը, որով Խոջոյանը ճանաչվել է մեղսունակ:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ 2016թ. հունիսի 24-ին ժամը 21:00-ի սահմաններում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա անչափահաս բնակչուհին, որը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։
Ապացույցներ են ձեռք բերվել, որ անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղեւորվել են Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից եւ միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ եւ սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։
Քննությամբ պարզվել է, որ ճանապարհին նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ա. Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ հարցաքննվել: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից:



























