Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի նշանակման դեմ բնակիչների բարձրացրած բողոքի ալիքը դադարել է: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է դպրոցի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար տիկին Ալիսայից, վաչիանցիները համակերպվել են, որ դպրոցի տնօրենը պետք է լինի Մարինա Չոմարյանը:

«Էդ հարցն արդեն լուծվել է, տիկին Չոմարյանն արդեն մեր տնօրենն է, բողոքներ այլեւս չկան: Դպրոցում դասերը նորմալ հունով ընթանում են, ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա:

Նշենք, որ նոյեմբերի 22-ին պարզ էր դարձել, որ Վաչիանի դպրոցը նոր տնօրեն ունի: Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը Վաչիանի գյուղի հանրային դպրոցի տնօրեն է նշանակել Մարինա Չոմարյանին, ով ապրում է Ախալքալաքում: Վաչիանցիները բողոքում էին դպրոցի նոր տնօրենի դեմ: Գյուղացիները պահանջում էին, որ դպրոցի տնօրենի ընտրության հարցում հաշվի առնեն գյուղացիների կարծիքը եւ տնօրեն նշանակեն գյուղաբնակ Արեւիկ Գաբրիելյանին: