ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:
Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը մասնավորապես առաջարկում է կենսապարարտանյութեր, որոնք փոխարինում են ազոտական պարարտանյութերին եւ ի տարբերություն վերջինիս` օրգանական պարարտացման եղանակ են, արդյունավետությունը շուրջ 25 տոկոսով ավելի բարձր է, առավել մատչելի են, բացի այդ, վերականգնում են հողի միկրոֆլորան` նպաստելով բերրիության աճին:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Տարեկան կենտրոնում հնարավոր է արտադրել մոտ 80 տոննա պարարտանյութ:
Գիտական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարությունը, որը մինչ այս ֆինանսավորել է պարարտանյութերի ներմուծումը, պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն պարարտանյութեր արտադրողները չունեն հզորություններ առկա պահանջարկն ամբողջությամբ ապահովելու: Ուստի նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել:
«Այժմ մշակում ենք մեխանիզմ, որի նպատակը պետք է լինի պարարտանյութերի շուկայի ձեւավորումը, որպեսզի արտադրողները գտնեն իրենց գնորդին, դաշտը դառնա առավել մրցակցային, եւ պետությունը կարողանա բաց թողնել այս շուկան: Սա նաեւ կհանգեցնի պարարտանյութերի, այդ թվում` ներմուծվող արտադրանքի մրցակցային գնագոյացմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը:
Աշխատակիցները նաեւ տեղեկացրել են, որ վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնում մշակվել է հակամիկրոբային պատրաստուկ, որը թռնաբուծության եւ խոզաբուծության մեջ փոխարինում է սալմոնելոզի դեպքում կիրառվող հակաբիոտիկներին:
Հանդիպման ավարտին կենտրոնի աշխատակիցները նշել են, որ կներկայացնեն անհրաժեշտ բոլոր հիմնավորումները գնային առավելության մասին, իսկ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը Հայաստանի թռչնաբույծների միության հետ:





























