Գալիք 2017 թվականի նախաշեմին NEWS.am–ն ամփոփում է անցնող տարին եւ ներկայացնում է երկրի հասարակական–քաղաքական կյանքի առավել նշանակալի իրադարձությունները (ֆոտոռեպորտաժ)։
-
Տարվա ամենառեզոնանսային իրադարձությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան լարվածությունն էր, որը ստացավ «քառօրյա պատերազմ» անվանումը։
-
Ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղի ԶՈւ շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակման անցան՝ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը։ Հայկական ուժերը պաշտպանությունից անցան հակահարձակման։ Բաքուն ռազմական ագրեսիայի ժամանակ գործի դրեց ռազմական տեխնիկայի ամբողջ սպեկտրը։
-
Ապրիլի 5-ին հայտարարվեց մարտական գործողությունների դադարի մասին։ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի հանդիպման ժամանակ հրադադարի մասին երկկողմ համաձայնությունն ուժի մեջ մտավ ժամը 12–ից։
Բախումների հետեւանքով երկու կողմերն էլ կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ կրեցին։ Հայկական կողմը հայտնեց, որ զոհվել է ավելի քան 100 զինծառայող եւ կամավոր։
Պաշտոնական Բաքուն թաքցնում է կորուստների իրական թիվը։ ՊՆ հայտարարության համաձայն՝ զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունը պետական գաղտնիք է։ Միաժամանակ Արցախի ՊԲ–ն հայտարարում է, որ ադրբեջանական կողմն ունի մոտ 2 հազար սպանված եւ վիրավոր։
Հակամարտության ընթացքում խաղաղ հայ բնակիչների նկատմամբ ռազմական հանցագործություններ են իրականացվել, այդ թվում եղել են խոշտանգումների եւ զոհվածների մարմինների ծանակման դեպքեր։
Տարածքային առումով, պաշտոնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղը կորցրել է 800 հա տարածք։
-
Մայիսի 8-ին կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու արժանացավ ԼՂՀ բարձրագույն կոչման՝ «Արցախի հերոս» եւ «Ոսկե արծիվ» շքանշանների։
Ապրիլի 2-5–ը ռազմական գործողությունները ամենախոշորն էին 1994-ի մայիսի հրադադարից հետո։
-
Հուլիսն աչքի ընկավ երկրի ներքաղաքական դաշտում ցնցումներով։ Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը Երեւանում գրավեց Ոստիկանության ՊՊԾ գունդը՝ պահանջելով նախագահի հրաժարականն ու ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանին։
-
Գնդի գրավումը շարունակվեց 2 շաբաթ եւ ուղեկցվեց խմբի անդամներին աջակցող ցույցերով, որոնց ժամանակ ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան։ Այսպես՝ հուլիսի 20-ին ոստիկանությունը ցրեց Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին՝ գործի դնելով լուսաձայնային նռնակներ եւ արցունաքաբեր գազ։
Հուլիսի 29-ին Սարի Թաղում ոստիկանությունը երթի ապօրինի բնույթի մասին մի քանի նախազգուշացումից հետո ոստիկանության շենքի կողմը շարժվող ցուցարարների ուղղությամբ ծխանռնակներ եւ լուսաձայնային նռնակներ նետեց։ Տուժածների թվում էին նաեւ այդ պահին իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրատվամիջոցների աշխատակիցները։
-
Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» հանձնվեցին իշխանություններին։
ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհվել է 3 ոստիկան, եւս մի քանի իրավապահ եւ զինված խմբի անդամներ վիրավորվել էին։ Գնդի գրավման գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ։
-
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան տարվա ամենավառ իրադարձություններից էր։ Պոնտիֆիկոսի այցելությունն ընթանում էր «Այց առաջին քրիստոնեական երկիր» կարգախոսով։
-
Այցելության 3 օրերի ընթացքում (ֆոտոռեպորտաժ) Ֆրանցիսկոս Պապը հանդիպեց նախագահին, այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, եղավ Գյումրիում եւ այցելեց Խոր Վիրապի վանք։
Բացի այդ, Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը էկումենիկ արարողություն մատուցեցին Երեւանում։ Երկու եկեղեցիների ղեկավարները խաղաղության աղոթք կարդացին։Պապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց նաեւ Կիրակնօրյա պատարագի։
Այցի ընթացքում պոնտիֆիկոսն ու կաթողիկոսը Համատեղ հռչակագիր ստորագրեցին, որում հույս են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հարցերը խաղաղ լուծում կստանան։ Սա պատմության մեջ Վատիկանի ղեկավարի երկրորդ այցն էր Հայաստան։ Հովհաննես Պողոս 2-րդը 2001–ին այցելել էր Հայաստան՝ քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ։
-

-
Անցնող տարում դրական տեղաշարժեր եղան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
-
Հունիսի 2-ին Բունդեսթագի պատգամավորներն ընդունեցին «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության եւ մյուս քրիստոնյաների հիշատակին» կոչվող բանանձեւը, որը 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում։
Փաստաթուղթն ընդունվել էր գրեթե միաձայն։ Դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր, մեկը ձեռնպահ էր մնացել։
Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը օրինագիծ էր ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին։
-
Տարվա ամենաուրախալի իրադարձությունը հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթանակն էր Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։
-
Հաղթանակ տանելով կուբացի Դանիել Կաբրերա Լուգոյի նկատմամբ՝ Ալեքսանդյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի նվաճումը (1996 թ.)։
Մրցավարների կողմնակալության պատճառով մեկ այլ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանն արժանացավ միայն արծաթե մեդալի։
-
Ռիո դե Ժանեյրոյից առաջին մեդալը՝ արծաթը, բերեց ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։
-
Ներքաղաքական փոփոխություններից ամենակարեւորը կառավարության փոփոխությունն էր։ Նախագահի հրամանով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում փոխարինեց «Գազպրոմ»–ի թոփ մենեջեր, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
-
Հայտարարելով իր հրաժարականի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր ղեկավարած կառավարությունը չի լուծել հասարակության բեւեռացման խնդիրը։ Դրա պատճառը արտաքին քաղաքական եւ տնտեսական մարտահրավերներն են։
Կարապետյանի նոր կաբինետում իրենց պորտֆելները կորցրեցին նախկին կազմի նախարարների մեծ մասը։





























