News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղ առավոտյան զինված անձանց խումբը, որն իրեն «Սասնա ծռեր» է կոչում, գրավել է Էրեբունու շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկա-պահակային պահպանության (ՊՊԾ) գունդը: Գրավման ընթացքում զոհվել է գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, վիրավորվել է «Սասնա ծռեր» խմբից Թաթուլ Թամրազյանը, ինչպես նաեւ ոստիկանության չորս աշխատակից` ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը: Մի քանի ոստիկան պատանդառվել է:

Արթուր Վանոյան

Թաթուլ Թամրազյան

Facebook սոցիալական ցանցում խումբը հայտարարություն է հրապարակել. «Մենք զինված ապստամբություն ենք սկսել, միացեք»: Խմբի պահանջներն են` նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում:

NEWS.am-ը համառոտ ներկայացնում է ժամանակագրությունը, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:

Հուլիսի 17

  • Ոստիկանությունը փակել է ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Շենքի բոլոր մուտքերը շրջապատված են:
  • ԱԱԾ-ն խմբի անդամներին բնութագրում է որպես ահաբեկիչների: 
  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման կապակցությամբ խորհրդակցություն է հրավիրում:
  • ԱԱԾ-ն հայտնում է երկու պատանդի ազատ արձակման մասին: Նրանց անունները չեն հաղորդվում: Բանակցություններ են սկսվում: 
  • Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ձերբակալում են «Հիմնադիր խորհրդարանի» կողմնակիցներին, որոնք աջակցում են «Սասնա ծռերին»: Մայրաքաղաքում մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվում: Նրանց մի մասը հայտարարում է իրավապահ մարմինների կողմից բռնության ենթարկվելու մասին: 

Հուլիսի 18

  • ՊՊԾ գնդի մոտ են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը: Նրանք հեռանում են` չպատասխանելով լրագրողների հարցերին:
  • Իրավապահ մարմիններ. Գիշերը ազատ է արձակվել մեկ պատանդ: Նրա անձը չի բացահայտվում:
  • ԱԱԾ-ն հայտնում է, որ գիշերը երկու մարդ է ազատ արձակվել` ոստիկան եւ քաղաքացիական անձ` շտապօգնության մեքենայի վարորդը: Նրանց անունները չեն հաղորդվում:
  • Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հայտնում է, որ այդ պահի դրությամբ պատանդառված է 5 ոստիկան, այդ թվում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը:
  • ՊՊԾ գնդի գրավման հետ կապված քրեական գործ է հարուցվում:
  • Խորենացի փողոցից բերման են ենթարկվում պաստառներով երեք աղջիկներ: Նրանցից երկուսը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դուստրերն են:
  • Ազատության» հրապարակում տեղի է ունենում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիան ի պաշտպանություն խմբի անդամների։ Ակցիայի մասնակիցները հայտնում են որ «Սասնա ծռերը» ահաբեկիչներ չեն, այլ հեղափոխականներ: Նրանք պահանջում են առանց արյունահեղության հանգուցալուծել իրավիճակը: Ոստիկանները բերման են ենթարկում Դավիթ Սանասարյանին եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդուն:

Հուլիսի 19

  • «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին թույլ են տալիս մտնել ՊՊԾ գնդի շրջակա տարածք: Նա «Սասնա ծռերին» է փոխանցում ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը, որի պարունակությունը չի բացահայտում: Ենիգոմշյանը հաստատում է. բանակցություններին միջնորդավորված մասնակցում է Ժիրայր Սեֆիլյանը:  
  • Խմբի անդամների հետ հեռախոսակապն ընդհատվում է:
  • Խորենացու փողոցում հավաքված ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունենում (ֆոտոռեպորտաժ): Հաղորդվում է ՊՊԾ գնդի կողմից կրակոցների մասին:  Ակտիվիստներից մեկը հայտնում է, որ կապվել է  «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, որը հայտնել է, որ իրենք են օդ կրակել ցուցարարներին աջակցելու համար:
  • Սարի թաղում եւս բախումներ են տեղի ունենում: Ոստիկանության փոխանցմամբ, մարդիկ փորձել են ներթափանցել պահպանվող տարածք, քարեր եւ տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:  Երկու կողմերից տուժածներ կան: Քրեական գործ է հարուցվում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ:
  • Լուրեր են տարածվում, որ Երեւան են տեղափոխել Ռուսաստանի ԱԴԾ-ի «Ալֆա» ջոկատի հատուկջոկատայիններին: Դրանք հերքում է Հայաստանի ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Աշոտ Կարապետյանը:  

Հուլիսի 20

  • «Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով ձերբակալվում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Խաչատուր Գիչյանը եւ Կարո Եղնուկյանը:
  • Մշակույթի գործիչները նամակով դիմում են Ժիրայր Սեֆիլյանին` խնդրելով իր ընկերներին կոչ անել վայր դնել զենքը եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
  • Երեկոյան Խորենացու փողոցում ոստիկանությունը ցրում է ցուցարարներին՝ օգտագործելով հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ: Ցուցարարները պահանջում են լուծել «Սասնա ծռերի» անդամներին սննդով ապահովելու հարցը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել այդ հարցը, սակայն չի հաջողվում: Բերման է ենթարկվում 136 մարդ, հիվանդանոցներ են տեղափոխվում 51 մարդ, որից 29-ը` ոստիկաններ: Տուժածների թվում լրագրողներ կան: Իշխանությունները քրեական գործ են հարուցում Երեւանում զանգվածային անկարգությունների փաստով: 

Հուլիսի 21

  • Ձերբակալվում է ղարաբաղյան պատերազմի մասնակից Արարատ Խանդոյանը` «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբայրը
  • Մի քանի հարյուր քաղաքացիներ դարձյալ հավաքվում են Խորենացու փողոցում` պահանջելով սնունդ փոխանցել «Սասնա ծռերին»: Սննդի հարցը լուծվում է ԼՂՀ-ից Երեւան եկած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռերը» հրավառություն են կազմակերպում՝ այդկերպ ողջուներով հավաքվածներին: Ոստիկանությունը ցրում է ակցիայի մասնակիցներին` ոմանց նկատմամբ կոշտ ուժ կիրառելով

Հուլիսի 22

  • Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնում ԱԱԾ-ի, ոստիկանության, գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ. «Այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Պատանդները պետք է ազատվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը»:
  • ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է իրավիճակը.   «Անհրաժեշտ է մի կողմ դնել ներքին խնդիրները եւ միաձայն դիմակայել արտաքին մարտահրավերներին»: 
  • Նիկոլ Փաշինյան. «Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Լավրովի պլանն իրագործելու համար»:
  • ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն մասին, որ ոստիկանության գունդը գրավողների աջակիցների խումբ է ձերբակալել: 
  • Հանրահավաք Խորենացու փողոցում: Գիշերը հանգիստ է անցնում: Ցուցարարների մի մասը լուսաբացը դիմավորում է փողոցում:

Հուլիսի 23

  • Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ հանդիպում է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Որոշում է կայացվում ազատ արձակել բոլոր պատանդներին, որի դիմաց գնդի տարածքում մամուլի կենտրոն կստեղծվի, կապահովվի անխափան ինտերնետը կամ եւ ուղիղ հեռախոսակապ:
  • «Սասնա ծռերը» ինքնակամ ազատ են արձակում երկու ոստիկանի: 
  • Բաց են թողնվում վերջին պատանդները` Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը: 
  • Գնդի տարածքում մամուլի ասուլիս է տեղի ունենում (ֆոտոռեպորտաժ): «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը մարդկանց կոչ է անում դուրս գալ փողոց եւ պայքար սկսել իշխանությունների դեմ:  
  • Վարուժան Ավետիսյանը հայտնում է, որ խմբի անդամներին չեն տալիս խոստացված ուղիղ կապը. «Մենք զենք ենք վերցրել` համոզված լինելով, որ այսուհետ անհնար է այլ եղանակով փոփոխությունների հասնել: Մենք նոր պետություն ենք ստեղծում»:
  • «Սասնա ծռերը» հրաժարվում են Վիտալի Բալասանյանի միջնորդությունից` մեղադրելով նրան Ժիրայր Սեֆիլյանի խոսքերն աղավաղելու մեջ:
  • Խորենացի փողոցում հերթական ցույցն է տեղի ունենում ի աջակցություն «Սասնա ծռերի»: Նիկոլ Փաշինյանը լքում է հանրահավաքը՝ դա բացատրելով արյունահեղությունից խուսափելու ցանկությամբ: Գիշերը հանգիստ է անցնում: Եկածների մի մասը փողոցում է մնում մինչեւ առավոտ: 

Հուլիսի 24

  • Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածում. «Սասնա ծռերի» հանձնվելու դեպքում նախագահը պատրաստ է զրուցել Սեֆիլյանի հետ:  
  • Հանրահավաք Խորենացի փողոցում. հայտարարվում է, որ Բալասանյանին միջնորդի դերում կփոխարինի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթ», սակայն նա չի ստանձնում այդ դերը: 
  • Ենիգոմշյանը հայտնում է, որ խմբի անդամները մեկ օր է` սնունդ չեն ստացել, գնդի տարածքում էլեկտրականություն չկա: Ի նշան բողոքի ոստիկանական «ԳԱԶել» են այրում:
  • Գիշերն անցնում է առանց բախումների ոստիկանության հետ: Որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվում:

Հուլիսի 25

  • ԱԱԾ-ն խմբին կոչ է անում հանձնվել իշխանություններին եւ ներկայացնում է քրեական պատասխանատվությունից ազատման պայմանները:
  • Հետախուզում է հայտարարվում «Հիմնադիր խորհրդարանի» հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանի նկատմամբ: 
  • Ոստիկանությունը հրապարակում է ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամների անունները: «Սասնա ծռերի» խմբում 31 մարդ կա
  • Հանրահավաք Խորենացու փողոցում. Ենիգոմշյանը հայտնում է, որ ժողովուրդն իշխանություններին մինչեւ առավոտվա 9-ը ժամանակ է տալիս: Այդ ժամին Խորենացի փողոց սնունդ կբերեն խմբի անդամների համար: Նոր բանակցող չկա:  
  • Ոստիկանությունը հայտնում է, որ խմբի անդամները գնդի տարածքից եւս 2 մեքենա են հանել եւ այրել: Փոխհրաձգություն է տեղի ունենում: Ոտքի հրազենային վնասվածք են ստանում խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվում: 

Աշոտ Պետրոսյան

Հովհաննես Հարությունյան

Հուլիսի 26

  • Լուսաբացին Արթուր Սարգսյանը, իր մեքենան սննդամթերքով բեռնելով, կտրում է ոստիկանական շղթան եւ սնունդ հասցնում «Սասնա ծռերին»:
  • Խորենացու փողոցում ցույց է: Մասնակիցները երթ են կազմակերպում դեպի ոստիկանության եւ ԱԱԾ-ի շենքեր: Տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվում,  «կարմիր բերետավորները» Խորենացու փողոցում պոկում են նախագահի հրաժարականի պահանջով պաստառը:  
  • Ոստիկանության փոխանցմամբ, «Սասնա ծռերի» երկու անդամ` Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հանձնվում են իրավապահ մարմիններին, նաեւ փոխհրաձգություն է տեղի ունենում, որի հետեւանքով վիրավորվում է Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդին` Արամը, եւ իրավապահ մարմինների աշխատակից: Պավլիկ Մանուկյանը եւ նրա որդին` Արամը, հիվանդանոց են տեղափոխվում: «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հաղորդմամբ, ոստիկանությունը հարձակվել է խմբի վրա եւ  «գողացել» «Սասնա ծռերի» չորս անդամներին:
  • Ոստիկանությունը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքում դեռեւս երկու վիրավոր է մնում:

Պավլիկ Մանուկյան

 Արամ Մանուկյան

Հուլիսի 27

Արսինե Խանջյան

Հուլիսի 28

Հուլիսի 29

  • Ոստիկանություն. «Փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածք է ստացել խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Նա հիվանդանոց չի տեղափոխվել»: Հրաձգությունը շարունակվում է, ինչի հետեւանքով վիրավորվում են խմբի անդամներ Արմեն Լամբարյանը եւ Արթուր Մելքոնյանը: Երկուսին էլ հիվանդանոց են հասցնում: 

Արայիկ Խանդոյան

Արմեն Լամբարյան

Արթուր Մելքոնյան

  • «Ազատության» հրապարակում մեկնարկում է ցույցը: Այնուհետեւ մասնակիցներն ուղղվում են Սարի թաղ, որտեղ բախում է տեղի ունենում ոստիկանության հետ: Ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ծխանռնակներ ու լուսաձայնային նռնակներ են նետում: Տարածքում հրդեհ է սկսվում: Միաժամանակ ոստիկանությունն ուժ է կիրառում նաեւ Խորենացու փողոցում եւ ցրում ցուցարարներին: 16-ամյա Սայադ Հարությունյանը զրկվում է աչքից, Թամար Մանուկյանի մաշկի 15-20 տոկոսն այրվում է: Դաժան ծեծի է ենթարկվում դասախոս, արաբագետ Մարատ Յավրումյանը: 
  • Քաղաքացիական հագուստով մարդիկ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, նրանց արգելում են նկարահանում կատարել, ծեծի են ենթարկում
  • Քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք որպես ոստիկան են ներկայանում, փորձում են ուժով հիվանդանոցից դուրս բերել «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանին, որն անգիտակից վիճակում էր գտնվում: Հետագայում Սանասարյանին տեղափոխում են ոստիկանություն:
  • Բերման է ենթարկվել 165 քաղաքացի:

Թամար Մանուկյան

Մարատ Յավրումյան

Սայադ Հարությունյան

 

Հուլիսի 30

  • Սեֆիլյանը հայտարարությամբ է հանդես գալիս. «Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը: Նա որոշել է ընտրել արյունալի ուղին եւ ջարդել ապստամբ տղաներին»:
  • Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվում է
  • Ոստիկանություն. ՊՊԾ-ի գնդից կրակոցի հետեւանքով զոհվել է 30-ամյա ոստիկան Յուրա Ստեփանոսյանը: Կրակոցի պահին նա մեքենայում է եղել:
  • Ցույց «Ազատության» հրապարակում, որին հաջորդում է երթ դեպի Բաղրամյան պողոտա: Այստեղ քաղաքացի Քաջիկ Գրիգորյանը իր վրա բենզին է լցնում եւ այրում է: Նա հրաժարվում է ոստիկանական մեքենայով հիվանդանոց գնալ: Ցուցարարները նրան տաքսիով են ուղարկում: Հետագայում նա մահանում է հիվանդանոցում:

Յուրա Ստեփանոսյան

Քաջիկ Գրիգորյան

Հուլիսի 31

Սեդրակ Նազարյան

 

Օգոստոսի 1

  • Հետախուզման մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյան. «Սասնա ծռերի» շարժումը կղեկավարվի բանտից եւ ընդհատակից»։
  • Երեւանում զինված խմբի գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:
  • Սերժ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
  • Սերժ Սարգսյան. «Ես ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին»:
  • Հանրահավաք Ազատության հրապարակում:

Հետագա օրերին «Սասնա ծռերի» ձերբակալված անդամները հայտարարեցին, որ իրենց անմարդկային պայմաններում են պահում։ Բացի այդ, տեղեկություն էր ստացվել, որ, հնարավոր է, նրանցից ոմանք խոշտանգումների են ենթարկվել։

ՊՊԾ գնդի գրավման գործով անցնում է 44 մարդ, նրանցից 42-ը կալանավորված են։ Ձեւավորվել է պաշտպանության խումբ։

Օգոստոսի 3-ին հետախուզման մեջ գտնվող Չուքասզյանը խոստացել էր հրապարակել ԼՂՀ  խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռերի» անդամների միջեւ հուլիսի 29-ին զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, եթե մինչեւ օգոստոսի 4-ը՝ 18։00–ն, չկայանա Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպումը։ Այդ հանդիպումը բանակցությունների ժամանակ Բալասանյանի խոստումներից մեկն էր։ Օգոստոսի 4-ին ձայնագրությունը հրապարակվել էր։

Բացի այդ, Չուքասզյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որում ասել էր, որ Բալասանյանի խղճին է թողնում նրա հետագա գործողությունները, քանի որ նա զենքը վայր դնելու պայմանների կատարման երաշխավորն էր դարձել, մասնավորապես,  «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ խոշտանգումների բացառման եւ Սերժ Սարգսյանի եւ Սեֆիլյանի հանդիպման հարցով։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ