Ռուսաստանը պատրաստ է Կահիրեին հրավիրել՝ միանալ Սիրիայում հրադադարի հաստատման հարցով համաձայնություններին, մյուս փուլերում հնարավոր է նաեւ Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Քաթարի եւ Հորդանանի ներգրավումը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հաշվի առնելով երաշխավոր-երկրների թվի ընդլայնման կարեւորությունը՝ արդեն այս փուլում ուզում ենք մեր եգիպտոսցի գործընկերներին հրավիրել՝ միանալ այդ համաձայնություններին: Հետագայում՝ այլ փուլերում, հավանաբար հարկ կլինի ներգրացել նաեւ մի շարք այլ առանցքային երկրների: Դրանք են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Իրաքը, Հորդանանը»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը:
Հինգշաբթի Պուտինը հայտարարել է երեք փաստաթղթի ստորագրման մասին. առաջինը՝ Սիրիայի տարածքում հրադադարի մասին սիրիական կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ, երկրորդը՝ հրադադարի ռեժիմի վերահսկողության միջոցների համալիրի մասին, երրորդը՝ սիրիական կարգավորման հարցով խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին հայտարարություն: Հրադադարի ռեժիմը Սիրիայում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ի 00:00-ից:





























