Ցմահ ազատազրկված ամերիկացի սերիական մարդասպան Չառլզ Մենսոնը Քալիֆորնիայի բանտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ բժշկական պատճառներով։ Այս մասին հայտնում է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուր։
Աղբյուրներից մեկի խոսքով Մենսոնը լուրջ հիվանդ է։ Լրացուցիչ մանրամասներ նա չի հայտնել։
«Մենք բանտարկյալների տեղաշարժերի մասին տեղեկությունները չենք հայտնում անվտանգության ու պաշտպանության նկատառումներով»,- ասել է Ուղղիչ հաստատությունների վարչության ներկայացուցիչ Թերի Թորնթոնը։
«Ընտանիք» խմբավորման անդամները, որոնցից է նաեւ Չառլզ Մենսոնը, դատապարտված են Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի ու նրա չորս ծանոթների սպանության համար։ Նաեւ հաստատվել է Մենսոնի մասնակցությունը երկու այլ սպանությունների։
































