ԱՄՆ նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփն ու նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք դեկտեմբերին որոշել են Նյու Յորքից Վաշինգթոն տեղափոխվել, իրենց համար նոր տուն են գտել։ Այս մասին հայտնում է The Washingtonian ամսագիրը։

Թանկարժեք անշարժ գույքի վաճառքի հարցերով զբաղվող Washington Fine Properties գործակալության համասեփականատեր Ուիլյամ Մուսին պարբերականին պատմել է, որ զույգը, որը երեք երեխա ունի, արդեն ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշներն ապրելու են Կալորամա հեղինակավոր թաղամասում, որը երկու քայլ հեռավորության վրա է այն տեղից, որտեղ որոշել է բնակություն հաստատել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման։ ԱՄՆ 44-րդ նախագահն արդեն հայտնել է, որ լիազորություններն իր իրավահաջորդին փոխանցելուց հետո մի քանի տարի էլ կապրի Վաշինգթոնում՝ իր կնոջ Միշելի ու կրտսեր դուստր Սաշայի հետ, որպեսզի վերջինը կարողանա ավարտել դպրոցը։

Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները կտեղափոխվեն եռահարկ առանձնատուն, որն ունի վեց ննջասենյակ։ Դեկտեմբերի 22-ին վաճառքի դրված տան արժեքը կազմել է 5․5 մլն դոլար։ Պարզ չէ՝ արդյոք Իվանկան ու Ջարեդն իրենք են գնել տունը, թե նրանց շրջապատից ինչ-որ մեկն է գնել, իսկ նրանք ընդամենը վարձակալելու են այն։